Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի ընկալմամբ՝ այսօր, երբ Անկախության հանրաքվեից անցել է ամբողջ 13 տարի, մեզ համար կարծես առավել դժվար է կողմնորոշվել՝ ինչ անել ձեռք բերած անկախության հետ: Քանզի մեր ունեցածն առայժմ կախյալ անկախություն է, իսկ իրականում, ավելի քան երբեք, կախված ենք գերտերությունների խաղերից: Եվ վաղ թե ուշ մեզ պատին դեմ կտան եւ կստիպեն կատարել «վերջնական ընտրություն», ինչն անել ոչ մի կերպ չենք ցանկանում:

Չկա եւ լիարժեք գիտակցում , որ պետք է աշխատել ոչ թե հռչակագրային, այլ իրական անկախության համար, աշխատել երկրի հզորացման եւ շահերի պաշտպանության համար: Դրան պատրաստ չեն ոչ միայն մեր իշխանությունները, այլեւ նախեւառաջ մենք՝ ինքներս: Դրա ամենացայտուն ապացույցն այն է, որ մենք մինչ օրս փրփուրը բերաններիս վիճում ենք՝ ո՞ր կողմնորոշումն է մեզ համար առավել նախապատվելի՝ ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ: Թեեւ այս 13 տարիների ընթացքում կարծես հասկանալի էր, որ մենք կարող ենք ունենալ միայն մեկ՝ հայամետ կողմնորոշում»:

«Այսրվա լիքը խանութները դեռ ոչինչ չեն նշանակում, որովհետեւ խանութների լցվելուն զուգընթաց՝ դատարկվում են մարդկանց հո•իները, եւ ավելի մշուշոտ են դառնում ապագայի մասին նրանց պատկերացումները,- համադրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բայց այսօրվա` օր օրի ավելի անհույս դարձող վիճակի համար Անկախությանը եւ մեր երիտասարդ պետությանը պետք չէ հայհոյել: Ի վերջո, Անկախությունն ու Հայաստանի Հանրապետությունը ոչ այլ ինչ են, քան ավելի լավ երկրում ավելի լավ ապրելու մեր հավաքական ցանկության եւ սեփական հայրենիքին տեր կանգնելու մեր հավաքական պատրաստակամության եւ պատասխանատվության արտահայտություն: Իհարկե, մենք հիմա ավելի լավ երկրում չենք ապրում, նաեւ՝ ավելի լավ չենք ապրում, եւ այսօրվա թալանչիներն իրենց լկտիությամբ կարծես չեն զիջում կոմունիստներին: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ ավելի լավ երկրում ավելի լավ ապրելու մեր ցանկության միակ բավարարումը պանդխտությունն է: Մենք պիտի «Այո» ասենք օրենքի գերակայությանը եւ օլիգարխներին ու այդպիսին դառնալու նկրտում ունեցողներին տեղավորենք օրենքի շրջանակներում: Մենք պիտի «Այո» ասենք իրավահավասարությանը եւ երաշխավորենք, որ հարուստ լինելու իրավունքը յոթ-ութ մարդունը չէ, այլ՝ բոլորին է պատկանում»:

«Հայոց աշխարհ»-ի ձեւակերպմամբ էլ՝ այսօրվա տրամադրվածությամբ է նաեւ պայմանավորվելու վաղվա օրը, վաղվա անելիքն ու դրա արդյունավետության աստիճանը։
Այսօրվա օգտին քվեարկել ենք ազգովին, ուստի պատասխանատվությունը եւս կրում ենք ազգովին: Մեղավոր փնտրելու պարագայում ստիպված ենք լինելու նախ եւ առաջ մեղադրել ինքներս մեզ, քանի որ իշխանություն ձեւավորելու կամ փոխելու իրավունքը նույնպես պատկանում է անկախության օգտին միակամորեն քվեարկածներիս: Եթե ինքներս չենք կարողանում տնօրինել մեր ճակատագիրը, ապա որպես ազգ ու պետություն զրկվում ենք հեռանկարից, քանզի ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները»:

«Ազգ» թերթի առանձնացմամբ էլ՝ «անշուշտ, ազատությունն ու անկախությունը ձեռք են բերվում զրկանքներով եւ կորուստներով: Սակայն դրանք չպետք է լինեն ժողովրդի մեկ հատվածի հաշվին, ի հակադրություն մյուս, շատ ավելի սակավաթիվ հատվածի: Երբ «Անկանխություն» կոչվող իսկապես անգնահատելի տոնը լցվի «արժանավայել կյանք» կոչվող բովանդակությամբ, այն ժամանակ արդեն տոնական այս օրը չի ստվերվի դժգոհություններով եւ բացի համապետական լինելուց, կդառնա նաեւ համաժողովրդական»:

«Իրավունք» թերթի վերլուծականում այսօր մատնանշվում է, որ գործնականում մեզ մոտ միայն ընդհանուր շահ ունեցող քաղաքացիների ոչ մեծ խմբերն են համարձակվում ինքնուրույնաբար պայքար ծավալել իրենց խնդրի համար եւ որոշ դեպքերում նաեւ հաջողություն են արձանագրում: Մի կողմից վերնախավին ավելի հարմար է գործ ունենալ իրավազուրկ եւ սեփական իրավունքներին տեր չկանգնող ամորֆ զանգվածների հետ, մյուս կողմից՝ նրանք մտավախություն ունեն, որ ընդդիմությանն ինչ-որ մի պահ գուցե հաջողվի օգտագործել այդպիսի պայքարներն ընդդեմ հենց նախագահի եւ նրա շրջապատի:

Վերջին շրջանի որոշ ազդանշաններից ելնելով մեկնաբանը բնավ չի բացառում եւ, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ հանրային հիմնավոր կասկածները կարող են լինել հենց այն դետոնատորը, որը իշխանական համակարգը պայթեցնում է ներսից:

Ռուսաստանի հետ Հայաստանի հեռանկարի առումով «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը խտացրել է .-«Իր իշխանության տարիներին Վլադիմիր Պուտինը հետեւողականորեն աջակցել է ԱՊՀ երկրների հակաժողովրդավարական իշխանություններին՝ այն հաշվարկով, որ ավտորիտար իշխանությունները որոշակի խնդիրներ կունենան ԱՄՆ-ի հետ, եւ իշխանությունը բռնազավթելու նրանց ջանքերը առաջին հերթին հակադրում է նշանակում ամերիկյան արժեքներին: ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարներին միավորում է մեկ բան՝ նրանք բոլորը բռնազավթել են իշխանությունը եւ միմյանց նկատմամբ հարազատություն են զգում: Սակայն, Պուտինյան կայսրության հեռանկարները մշուշոտ են թվում. գուցե թե նա իսկապես կարողանա սեփական անձի շուրջ համախմբել բազմաթիվ «ազգերի» եւ դառնալ ժողովուրդների իրական հայր, բայց պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդների ամենասիրելի հայրերն անգամ մահկանացու են, ու նրանցից հետո ջրհեղեղն ուղղակի անխուսափելի է, եւ Հայաստանն ամեն ինչ պետք է անի՝ Ռուսական կայսրության փլատակների տակ չմնալու համար»:

Մյուս կողմից, ոչ աշխարհաքաղաքական առումով էլ հայերին Ռուսաստանում ուժգնացող վտանգներ են սպառնում վերջին ահաբեկչություններից հետո Ռուսաստանում էապես աճել է ազգայնական եւ նեոֆաշիստական զանազան խմբավորումների ակտիվությունը, եւ սեպտեմբերի 18-ին մոսկովյան մետրոյում գրանվցած այլազգիների դաժան ծեծը «կովկասցիների ջարդերի» հավանաբար սկիզբն է միայն:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG