Մատչելիության հղումներ

Ռոմանո Պրոդի. «Պատրաստ ենք ներդրումներ անել Հարավային Կովկասում»


«Եվրոպան մեծ ներդրող է եւ աշխարհի ամենամեծ տնտեսական դերակատարը, եւ այն հեռու չէ Հարավային Կովկասից: Մենք պատրաստ ենք ներդրումներ անելու այդ տարածաշրջանում», - հինգշաբթի օրը ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում եվրոպացի պաշտոնյան խորհուրդ է տվել Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին չկենտրոնանալ Եվրամիությանն անդամակցելու գաղափարի վրա, այլ օգտվել այն հնարավորություններից, որ ընձեռում է Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագիրը:

Պրոդին ասել է, որ երեք երկրների անդամակցությունն անհնար է, քանի դեռ չեն ճշտվել Եվրոպայի սահմանները: Նա ընդունել է, որ Եվրամիության հիմնարար փաստաթղթերում ամրագրված է, որ Եվրամիության անդամ կարող է դառնալ ցանկացած եվրոպական երկիր: «Սակայն Եվրոպայի սահմանները ֆիքսված չեն եւ փոխվում են ժամանակի հետ», - ասել է Պրոդին` միաժամանակ նշելով. - «Բայց դա չի նշանակում, որ այս երեք երկրները չեն պատկանում Եվրոպային: Նրանք չեն պատկանում այժմ եւ նախատեսված չէ, որ նրանք կպատկանեն «Եվրոպական Եվրոպային»: Սակայն հարեւանության քաղաքականության դոկտրինը կոչված է բարեկամության եւ համագործակցության ամուր կապեր հաստատել այն երկրների հետ, որոնք տեսանելի ապագայում Եվրամիության անդամ չեն լինելու»:

Եվրահանձնաժողովի ղեկավարը բացառել է Եվրամիության որեւէ ռազմական ներկայություն Հարավային Կովկասում:

Անդրադառնալով հակամարտություններին` նա փաստել է. - «Երեք երկրների խնդիրներն այնքան բարդ են, որ դրանք հնարավոր չէ լուծել ուժի միջոցով»:

Այսօր Եվրահանձնաժողովի նախագահը առաջին անգամ ժամանում է Հարավային Կովկաս: Բաքվում սկսվող այցը նա կավարտի Երեւանում, որտեղ կլինի շաբաթ եւ կիրակի օրերին:

1991 թվականից մինչ այսօր Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 330 միլիոն եվրոյի օգնություն:

Ռոմանո Պրոդին պաշտոնավարելու է մինչեւ նոյեմբերի 1-ը: Դրանից հետո Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում նրան կփոխարինի Պորտուգալիայի վարչապետ Խոսե Բարոզոն:


Ահտո Լոբիակաս, Բրյուսել եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG