Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները պահանջում են շրջանառությունից հանել սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Նախագահի նստավայրի դիմաց չորեքշաբթի օրը մի քանի տասնյակ նախկին ազատամարտիկներ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով Ազգային ժողովում շրջանառությունից հանել սահմանադրական փոփոխությունների նախագիծը`որը, ըստ ցուցարարների, հակասում է «մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությունը»:

«Այն փակում է մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը մեզ մոտ իրականացնելու խնդիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից Սիմոն Կամսարականը` հնչեցնելով ազատամարտիկների համոզմունքը, թե նոր նախագծով սանձազերծվում է «օրենսդրական պատերազմ», որի դեմ էլ ուղղված է իրենց պայքարը:

Ցուցարարները Հայաստանի բոլոր ազատամարտիկների անունից պահանջում են, որ Ազգային ժողովը հրաժարվի այդ նախագծից, իսկ այն շրջանառության մեջ դրած պատգամավորները զրկվեն մանդատներից: Պահաջնվում է պատասխանատվության ենթարկել նաեւ իրավասահմանադրական հարցերով նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին: Փաստարկվում է, թե նշված անձինք սադրում են ժողովրդին` ստիպելով ըմբոստանալ իշխանությունների դեմ:

«Հարկավոր է օրենքի սահմաններում ճշտել, թե ում պատվերն են կատարում այս մարդիկ: Սա պատվե՞ր է, թե՞ իրենց չիմացության արդյունքը: Եթե իրենք պարզապես անգրագետ են սահմանադրական կարգից, ապա իրավունք չունեն պատգամավոր լինելու: Իսկ եթե պարզվի, որ իրենք միտումնավիր ինչ-որ մեկի պատվերն են կատարում, դրա համար էլ հոդվածներ կան օրենսգրքում», - ասաց Կամսարականը` ավելացնելով. - «Մենք բացահայտում ենք հանցագործություն, որը վտանգում է մեր երկրի, մեր ամբողջ ժողովրդի ներկան ու ապագան»:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելը բողոքող ազատամարտիկների հիմնական, բայց ոչ միակ պահանջն է: Նրանք պահանջում են նաեւ փոխել Սահմանադրական դատարանի կազմը եւ կասեցնել ՍԴ-ի բոլոր, ըստ իրենց` հակասահմանադրական որոշումները:

Ցուցարարները իրենց պահանջների կատարման համար իշխանություններին 15-օրյա ժամկետ են տվել: Իսկ դրանք չկատարելու դեպքում, ցուցարարների պնդմամբ, բողոքի դուրս կգան բոլոր նախկին ազատամարտիկները` ավելի քան 20 հազար մարդ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG