Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում


Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սխեֆերը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Այդ պարտականությունները կատարելու է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ռոբերտ Սիմոնսը:

ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Սիմոնսը պետք է «բարձր մակարդակի աշխատանքային կապեր հաստատի տարածաշրջանի ղեկավարների հետ»: ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նաեւ «առաջարկներ է ներկայացնելու եւ խորհուրդներ է տալու «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամներին՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու նպատակով»:

Նախկին խորհրդային 8 հանրապետությունները, որոնց հետ պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը, արդեն անդամակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

Այս տարվա հունիսին Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել էր հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններին:

«Ասոշիայթեդ փրես» գործակալությունն այսօր գրում է, որ «այդ տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման բարդությունը ակնհայտ դարձավ այս շաբաթ, երբ ՆԱՏՕ-ն ստիպված եղավ չեղյալ հայտարարել իր զորավարժությունները Ադրբեջանում այն բանից հետո, երբ Բաքուն ընդդիմացավ հարեւան Հայաստանի զինվորականների մասնակցությանը»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG