Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բաքվում կայանալիք զորավարժություններին մասնակցելու հարցում Հայաստանի հետեւողականությունը Ադրբեջանին փաստորեն լուրջ հարված հասցրեց, որովհետեւ Ադրբեջանը չկարողացավ ազատվել, այսպես կոչված, «ցեղասպանվածի բարդույթից»: Եվ Հայաստանը արժանիորեն դիվանագիտական հաղթանակ է տոնում», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը: «Հայոց աշխարհ»-ի վերլուծությամբ` Բաքվում նախատեսված «Համատեղ լավագույն ջանք - 2004» զորավարժությունները չեղյալ հայտարարելու փաստը ծանր հարված է Ադրբեջանի միջազգային վարկին ու հեղինակությանը. - «Հայաստանը կարողացավ ճիշտ ժամանակին շրջափակել Ղարաբաղյան պատերազմում պարտություն կրած Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի առաջխաղացումն օգտագործելու եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական հաշվեկշիռը փոխելու փորձերը: Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը սին հույսեր էր փայփայում, թե ՆԱՏՕ-ն իրեն ավելի «լավ աչքով» կնայի, քան Հայաստանին, բայց Հայաստանի նկատմամբ կիրառվող շանտաժի քաղաքականությունն իր զարգացման որոշակի հանգրվանում վերածվեց ՆԱՏՕ-ի որդեգրած հիմնարար սկզբունքների դեմ ուղղված բացահայտ ոտնձգության, որը չէր կարող անպատիժ մնալ»: «ՆԱՏՕ-ի ղեկավարության նման օրինաչափ որոշումը ոչ միայն մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած սկզբունքների լուրջ հաղթանակն է, այլեւ Հայաստանի առջեւ բացվող նոր մարտահրավերների մասին ակնհայտ նախազգուշացում», - միաժամանակ ընդգծվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Պետք է խուսափել էյֆորիայից եւ խորությամբ գիտակցել այն փաստը, որ Ռուսաստանի գրկից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մոտ ճողոպրած, բայց այդպես էլ իր «ղարաբաղյան փորացավի» բուժումը չգտած Ադրբեջանը ներկա ձախողման հետեւանքով ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում… Նոր ձախողումից եւ նոր հուսախաբությունից մինչեւ ռազմական ավանտյուրան Ադրբեջանի համար ընդամենը մեկ քայլ է»:

Հայաստանի ներքաղաքական դաշտում արմատականությունից որոշակի հեռացում է արձանագրում այսօր «Իրավունք» թերթը: Դա վերաբերում է ե’ւ իշխանական ուժերին, ե’ւ ընդդիմությանը: Այս առումով մասնավորապես ընդգծված է. - «Զգացվում է կեցվածքների տարբերություն «Ազգային միաբանության» եւ «Արդարության» միջեւ: «Ազգային միաբանություն»-ը իր մատուցած «սյուրպրիզով» ցույց տվեց, որ, ըստ էության, առանձնապես ձգտում չունի արմատական գործողություններով սրելու իրավիճակը»: «Սեպտեմբերի 17-ին «Արդարություն» դաշինքի անդամ 9 կուսակցությունների կողմից հրավիրված համաժողովի հիմնական ինտրիգներից, մեկը, թերեւս, այն էր, թե համախոհ որ այլ կուսակցություններն էին հրավիրվելու համաժողովի աշխատանքներին մասնակցելու: Սա հետաքրքրություն էր առաջացնում, քանի որ վերջին ամսվա ընթացքում ընդդիմադիր քաղաքական դաշտում բազմաթիվ կարծիքներ հայտնվեցին «ընդդիմադիր նոր ֆորմատի» ձեւավորման անհրաժեշտության մասին… Հիմնականում որպես լրացուցիչ ընդդիմադիր ռեսուրս դիտարկվում էին Հովհաննես Հովհաննիսյանի Ազատական-առաջադիմական կուսակցությունը, Հայոց համազգային շարժումը եւ, թերեւս, Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ»-ը: Սպասվում էր, որ սովորականի պես «Արդարության» լիդերների մոտ տարակարծություններ կառաջանան ՀՀՇ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: Սակայն», - փոխանցում է «Իրավունք»-ը, - «երեկ հայտնի դարձավ, որ դաշինքում լուրջ անհամաձայնություններ են առաջացել: Փաստորեն, հիշյալ բոլոր կուսակցությունների հետ համագործակցելու շուրջ, ինչի պատճառով ընդդիմադիր բոլոր ուժերի կոնսոլիդացման հարցը գոնե առժամանակ հետաձգվում է, եւ ամեն ինչ այս անգամ էլ կսահմանափակվի, այսպես ասած, «հին ֆորմատով»»:

«Արդյունք տվե՞ց արդյոք ընդդիմադիրների բոյկոտը». «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը պատասխանում է. - «Տվյալ պահին պայքարի այդ ձեւի ընտրությունը «Արդարություն» դաշինքի կողմից արդարացված էր, որովհետեւ երկրում հարցերը ոչ մի կերպ չեն լուծվում: Պայքարի այդ ձեւն էլ ուղղված է ոչ այնքան ներքին քաղաքական միավորներին, որքան արտաքին աշխարհին: Գործընթացը դեռ ավարտված չէ, բայց եթե ընդդիմությանը զրկեն մանդատներից՝ մեծ միջազգային սկանդալ կլինի… Հիմա կոալիցիոն կուսակցությունները հասկացան, որ պետք է մի փոքր ինքնուրույնություն ցուցաբերեն: Եթե գործիք դառնային եւ երկիրը ներքաշեին նոր սկանդալի մեջ, այդ ուղտը մի օր էլ իրենց դռանը կչոքի: Այս պահին ընդդիմությունը փոքրիկ հաղթանակ տարավ»:

«Բռնությամբ եւ կեղծիքներով աթոռներին տիրած քաղաքական գործիչներին այդ աթոռներից քշելը ֆանտաստիկայի ոլորտից է», - ամրագրում է այսօր «Առավոտ»-ի խմբագրականը: - «Ի վերջո, մեր ժողովուրդը Միջազգային օլիմպիական կոմիտե չէ, որ իրավասություն ունենա ետ վերցնել դոպին գործածած մարզիկի մեդալը… Սրանց «դոպինգը», այսինքն՝ օրինախախտումները, բացահայտելը գործնականորեն անհնար է: Ավելի ստույգ՝ բացահայտել հնարավոր է, իսկ, ա՛յ, ապացուցել՝ ոչ: Որովհետեւ տվյալ դեպքում ՄՕԿ-ի դերակատարությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ նա միշտ հաղթողների կողմից է»: «Կարճ ասած, ժամանակն է համակերպվել այն մտքին, որ մեր քաղաքական գործիչներն իրենց «մեդալները»՝ իշխանության տեսքով, կամավոր չեն հանձնի», - ներշնչում է «Առավոտ»-ը: - «Կարելի է Սահմանադրությունից անգամ հանել իմպիչմենթի եւ հանրաքվեի մասին կետերը. մեր ինչի՞ն են դրանք պետք, եթե կարելի է համբերել 4-5 տարի: Իսկ արդեն 2008-ին ճիշտ նույն «մեխանիզմներով» նախագահ դարձածը կունենա ընդամենը 5 տարի»: Մի խոսքով` կարեւորը համբերությունն է:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ տարածքում հաստատվող ավանդույթների ֆոնի վրա «Ազգ» թերթի մեկնաբանը իր դիտարկումները այսօր եզրափակել է այսպես. - «Հայկական գահին ձգտող թեկնածուների մեջ կարող է եւ արժանավոր չգտնվել, ինչը թույլ կտա Քոչարյանին երրորդ անգամ հավակնել նախագահի աթոռին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG