Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարը «ոգեւորված չէ» հայ զինվորականների` Իրաքում վերականգնողական աշխատանքներին մասնակցելու որոշմամբ


Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ Յուրի Խաչատուրովը, խոսելով հայ խաղաղապահների` Իրաք մեկնելու հեռանկարների մասին, ասաց, թե «ոգեւորված չէ այդ որոշմամբ», քանի որ դա կարող է «խնդիրներ առաջացնել» ոչ միայն իրաքահայ համայնքի, այլեւ ողջ հայության համար:

Անցած ուրբաթ, մինչդեռ, Հայաստանի պաշտպանության մեկ այլ փոխնախարար` Արթուր Աղաբեկյանը ասել էր, որ արդեն այս ամիս հայ զինվորականների առաջապահ խումբը կմեկնի Իրաք:

«Այս ամիս տեղի կունենա առաջապահ խմբի այցը Իրաք` տեղազննում իրականացնելու համար: Խմբի մեջ կընդգրկվեն Հայաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատարությունը եւ Ականազերծման կենտրոնի հրամանատարությունը: Նպատակն է` տեղում մոտիկից տեսնել այն վայրերը, որտեղ տեղակայվելու է մեր ստորաբաժանումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր Աղաբեկյանը:

Նախագահ Քոչարյանը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 50 հայ զինվորականները Իրաքում կընդգրկվեն լեհական ստորաբաժանման կազմում: Նախագահի այցի ավարտի հաջորդ իսկ օրը, սակայն, պաշտպանության փոխնախարարը ասել էր, թե սխալ է կարծել, որ հայ վարորդների, բժիշկների եւ սակրավորների Իրաք մեկնելու հարցը վերջնականապես լուծված է:

«Դա դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից», - հայտարարել էր Խաչատուրովը: - «Այո, ես ոգեւորված չեմ այդ որոշմամբ: Ես ընդհանրապես ոգեւորված չեմ, որ այնտեղ զորք են մտցրել եւ պատերազմ է սկսվել»:

Յուրի Խաչատուրովը չի բացառում, որ հայ զինվորականների առկայությունը այդ երկրում` թեկուզեւ ոչ ռազմական առաքելությամբ, կարող է խնդիրներ առաջացնել ոչ միայն իրաքահայ համայնքի, այլեւ ողջ հայության համար:

Այսօր էլ գրեթե նույնը ասաց մեկ այլ բարձրաստիճան զինվորական` գլխավոր շտաբի պետի տեղակալ Էնրիկե Ապրիամովը: Նա պնդում է, որ ինքը թեեւ զինվորական է՝ ամենաքիչն է պատերազմ ուզում է եւ որ բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով:

Ապրիամովը նաեւ դեմ է «սեփական ժողովրդավարությունն այլ ազգերին պարտադրելու պրակտիկային»: Թեեւ Ապրիամովը հստակորեն չի նշում, թե հատկապես ով է ժողովրդավարության արտահանմամբ զբաղված, սակայն, ըստ ամենայնի, հայ գեներալի խոսքերը ուղղված են հենց ամերիկացիներին:

Ընդհանրապես, Էնրիկե Ապրիամովը խորհուրդ է տալիս տարբերակել ագրեսիան եւ խաղաղապահ գործողությունը` նշելով, թե վերջին պարագայում «հայ զինվորականները կատարելու են իրենց պարտքը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե արդյոք հայ գեներալը ագրեսիա ասելով նկատի ունի ԱՄՆ-ի` Իրաքում նախաձեռնած գործողությունները, գեներալը խորհուրդ տվեց դիմել ոչ թե իրեն, այլ Ջորջ Բուշին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG