Մատչելիության հղումներ

Հայ մարզիկների ձախողումը առեղծված է նաեւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի համար


Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Աթենքում կայացած 28-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների աննախադեպ վատ ելույթի համար «հայցելով հայ ժողովրդի ներողամտությունը», խոստովանեց, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչով է դա պայմանավորված: Զաքարյանը նաեւ հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Եթե այսօր մենք համարձակ ասում ենք` հարգելի մարզիչներ, ձեր դրած խնդիրները մենք կատարում ենք որպես պետություն, եւ կապ չունի այս աթոռին ով է նստած, ամենեւին նշանակություն չունի», - ասաց նա` փաստարկելով. - «Այս աթոռին նստած պաշտոնյայի խնդիրը ապահովելն է. ես չեմ գնալու որեւէ մեկի փոխարեն ծանրաձող բարձրացնեմ կամ ըմբշամարտի հնարք սովորեցնեմ»:

Ինչ վերաբերում է աննախադեպ ձախողմանը, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ասաց, թե չի կարող որեւէ բացատրություն տալ դրան: «Այսօր ես բացարձակ չեմ հասկանում... անբացատրելի բան է», - ասաց նա: Նշելով, թե շատ մոտ է կանգնած եղել հատկապես ծանրամարտիկների նախապատրաստման գործընթացներին, Զաքարյանը շարունակեց. - «Այսօր հարյուր հարց են տալիս. ինչո՞ւ Աշոտ Դանիելյանը [Աթենքում գերծանր քաշում Հայաստանը ներկայացնող մարզիկը, ում ելույթի հետ մեծ հույսեր էին կապվում] չբարձրացրեց ծանրաձողը.... Ես մինչեւ հիմա դրա պատասխանը չգիտեմ...»:

Զաքարյանը «իսպառ բացառեց», թե Դանիելյանը կամ մյուս հայ օլիմպիականները «խնդիրներ են ունեցել» նախապատրաստական շրջանում:

Անցած չորեքշաբթի, սակայն, մարզիկներին օլիմպիական խաղերին նախապատրաստած մարզիչները ձախողումը պայմանավորեցին նաեւ բնագավառին հատկացվող միջոցների անբավարարությամբ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հասարակական կազմակերպություն է, իսկ կառավարության առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն բյուջեից ստանում է ընդամենը 350 միլիոն դրամ (մոտ 680 հազար դոլար):

«Մեդալ ունենալու համար երեք բան է պետք` փող, փող ու էլի փող», - ասել էր ծանրամարտի մարզիչ Վահան Բիչախչյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG