Մատչելիության հղումներ

Էդգար Առաքելյանը ազատ է արձակվել


Երկուշաբթի օրը մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց «Երեւան - Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության միջնորդությունը եւ ազատ արձակեց Լուսակերտի բնակիչ, 24-ամյա Էդգար Առաքելյանին: Մի քանի օր առաջ նույնպիսի հիմնավորմամբ ազատ էր արձակվել նաեւ ընդդիմության գարնանային հանրահավաքների մեկ այլ ակտիվ մասնակից` ԱԺՄ Արմավիրի տարածքային կազմակերպության ղեկավար Լավրենտի Կիրակոսյանը:

Դատապարտյալները պայմանական վաղակետ ազատվել են պատժի մնացած մասը կրելուց` ազատազրկման վայրերում լավ վարքի եւ «ուղղման ճանապարհին կանգնելու» շնորհիվ:

Դատարանի որոշումը հրապարակելուց անմիջապես հետո Էդգար Առաքելյանը «Ազատություն», ռադիոկայանի ասաց. - «Չէի սպասում, բայց շնորհակալ եմ»: Հարցին, թե իրեն մեղավոր համարո՞ւմ է, Առաքելյանը պատասխանեց. - «Իմ կարծիքով, ամբողջ Հայաստանը գիտի` ես մեղավոր եմ, թե մեղավոր չեմ»:

Հայաստանի դատական երկրորդ եւ երրորդ ատյաններն ուժի մեջ էին թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ Էդգար Առաքելյանը 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության կամ դրանից հրաժարվելու մասին այսօր խոսք չեղավ: Իսկ ԱԺՄ Արմավիրի տարածքային կազմակերպության ղեկավար Լավրենտի Կիրակոսյանը, ում ազատ էին արձակել Նուբարաշենի մեկուսարանից օգոստոսի 30-ին, այդ մտադրությունից չի հրաժարվել:

Կիրակոսյանը 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութ պահելու մեղադրանքով, եւ այսօր էլ` պայմանական վաղակետ ազատ արձակվելուց հետո, «անհիմն» է համարում իրեն ներկայացված մեղադրանքն ու իր նկատմամբ կիրառված պատիժը:

«Անհիմն կերպով ձերբակալեցին, 4 ամիս 22 օր գտնվել եմ անազատության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Կիրակոսյանը` շարունակելով, թե ոչ միայն այս, այլեւ 1996 թվականի, 2003 թվականի ընտրությունների շրջանում «անհիմն վարչական կալանքի ու հետապնդման ենթարկվելու» համար ինքը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ պատասխան ստացել, որ գործը քննության կառնվի:

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Կիրակոսյանը ձերբակալվել էր Երեւանում ապրիլի 10-ին եւ «զազրախոսելու համար» ենթարկվել էր 10-օրյա վարչական կալանքի: Իսկ կալանքից ազատվելու օրը` ապրիլի 21-ին իրավապահները որոշել էին խուզարկել նրա բնակարանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով եւ հայտնաբերել էին թմրանյութը:

Կիրակոսյանը, սակայն, այսօր էլ պնդում է, որ երբեք թմրանյութեր չի էլ փորձել, որ քրեական գործը ամբողջովին շինծու է եւ իրականում թմրանյութը հենց ոստիկաններն են դրել իր տան ջրատաքացուցիչի մեջ, իսկ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ ընդդիմության բողոքի գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG