Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը «տեղյակ չէ» Հասարակածային Գվինեայի քննիչների ժամանման մասին


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հերքեց որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդումը, թե Հասարակածային Գվինեայից Հայաստան է ժամանել քննիչների մի խումբ` տեղեկություններ հավաքելու իրենց երկրում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված 6 հայ օդաչուների վերաբերյալ:

Շաբաթ օրը «Ֆրանս Պրես» գործակալությունը մեջբերել է Հասարակածային Գվինեայի մի անանուն պաշտոնյայի ասածը, թե այս օրերին Հայաստանում են գտնվում քննիչներ, որոնք փորձում են կապեր գտնել պետական հեղաշրջման մեջ կասկածյալների եւ հայկական ավիաընկերության միջեւ, որի օդաչուները աֆրիկյան այդ երկրում կալանքի տակ են գտնվում անցած մարտ ամսից:

«Ոչ ոք [Հասարակածային Գվինեայից] չի դիմել արտգործնախարարությանը եւ արտասահմանում գնտվող մեր դիվանագետներին նման խնդրանքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: - «Այժմ մենք փորձում ենք ճշտել այդ տեղեկությունը»:

Նրա խոսքերով, եթե Հասարակածային Գվինեայի իշխանությունները իրոք նման մտադրություն ունենային, ապա Մալաբոյում դատավարությանը հետեւող հայ դիվանագետները եւ հատկապես Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը, անկասկած, տեղյակ կլինեին:

Պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ մեղադրվող մի խումբ օտարերկրացիների` այդ թվում 6 հայ օդաչուների, դատավարությունը Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում անցած շաբաթ հետաձգվել է անորոշ ժամանակով:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG