Մատչելիության հղումներ

Հայ զինվորականները Իրաք կմեկնեն մինչեւ տարեվերջ


Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ, հայ զինվորականները` վարորդներ, բժիշկներ եւ ականազերծողներ, աշնան վերջին կամ ձմռան սկզբին կմեկնեն Իրաք` իրենց մասնակցությունը բերելու Միացյալ Նահանգների գլխավորությամբ բազմազգ ուժերի կողմից այս երկրում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին:

«Այս ամիս տեղի կունենա առաջապահ խմբի այցը Իրաք` տեղազննում իրականացնելու համար: Խմբի մեջ կընդգրկվեն Հայաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատարությունը եւ Ականազերծման կենտրոնի հրամանատարությունը: Նպատակն է` տեղում մոտիկից տեսնել այն վայրերը, որտեղ տեղակայվելու է մեր ստորաբաժանումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ուրբաթ օրը ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ Արթուր Աղաբեկյանը:

Իրաքում հայ զինվորականները իրենց առաքելությունը կիրականացնեն լեհական դիվիզիայի կազմում:

«Այդ դիվիզիայի կազմում են Ուկրաինան, Մոլդովան, Աֆղանստանը: Այդ դիվիզիայի կազմում չեն Վրաստանը եւ Ադրբեջանը. նրանք ամերիկյան ստորաբաժանումների հետ են իրականացնում իրենց առաքելությունը», - պարզաբանեց փոխնախարարը:

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում այս տարվա փետրվարից Կոսովոյում գտնվող հայ խաղաղապահների դասակը, ինչպես եւ ծրագրված էր, մոտ օրերս կփոխարինվի մեկ այլ հայկական դասակով:

Աղաբեկյանի փոխանցմամբ, սեպտեմբերի 6-ին հայրենիք կվերադառնան ծառայությունն ավարտած խաղաղապահները, իսկ արդեն սեպտեմբերի 7-ին նոր դասակը կմեկնի Կոսովո: Փոխնախարարի փոխանցմամբ, հունական գումարտակի հրամանատարության խնդրանքով, որի կազմում էր հայկական դասակը իրականացնում խաղաղախահ առաքելությունը, մի քանի փորձառու հայ զինվորականներ դեռ կշարունակեն ծառայությունը Կոսովոյում եւ տեղում կօժանդակեն այնտեղ մեկնող նոր դասակին:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG