Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ադրբեջանում պարբերաբար ծավալվող պատերազմական հիստերիայի, Հայաստանում երբեմն նկատվող ներքաղաքական լարվածության, Վրաստանում, Աջարիայում տեղի ունեցող հեղափոխությունների, Հարավային Օսիայում արձանագրվող բախումների պայմաններում, ԼՂՀ-ն ներկայումս տարածաշրջանի փաստորեն միակ երկիրն է, որը չնայած իր սահմանափակ հնարավորություններին եւ պատերազմի վտանգի պահպանմանը, փաստում է կայուն, անցնցում զարգանալու, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու վճռականությունը», - գնահատում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Լեռնային Ղարաբաղը աստիճանաբար դառնում է կայունության, ժողովրդավարության ու խաղաղության պատվար՝ ողջ Հարավային Կովկասում: Ավելին՝ իր ներքին կազմակերպվածության, ժողովրդի համախմբվածության ու սեփական նպատակները հետապնդելու մեջ դրսեւորվող հետեւողականության ու վճռականության առումով սկսում է օրինակ դառնալ նաեւ Հայաստանի համար»: «Հայոց աշխարհ»-ը նաեւ գրանցում է. - «Հաջողությունները, որ արձանագրել է ԼՂՀ-ն ժողովրդավարական պետության ինստիտուտների կայացման, Հայաստանի հետ տնտեսապես ինտեգրվելու, արտաքին շուկա դուրս գալու եւ օտարերկրյա ներդրումների հոսքը մեծացնելու բնագավառներում, նյարդային տրամադրություններ են ստեղծել Ադրբեջանում: Վերջինս զգում է, որ ինքը կորցրել է Ղարաբաղը, բայց խոստովանել այդ մասին, նշանակում է է՛լ ավելի բարդացնել երկրի ներքին ու արտաքին կացությունը»:

ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբի պետ Մովսես Հակոբյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ բանակի հրամանատարությունը չի կարող քաղաքականությունից զերծ լինել: «Մենք քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր չենք, քանի որ դրանց արդյունքում ի վերջո ընտրվում է մեր գերագույն հրամանատարը, հետեւաբար՝ նախագահը պետք է լինի այնպիսի մարդ, որը կկարողանա մեզ հրամայել եւ ղեկավարել»,- ասել է նա: Ըստ գեներալի, ժողովրդավարությունը պետք է լինի չափավոր: «Պատերազմող երկիրը եւ դեմոկրատիան անհամատեղելի բաներ են: Եթե մենք այսօր ցանկանում ենք մտնել եվրոպական կառույցներ՝ եվրոպական երկրների պես ազատություն ունենալ, ապա եկեք մեր գերխնդիրը լուծենք` պատերազմն ավարտենք, դրանից հետո ում կընտրեն` մեզ համար միեւնույն է», - ձեւակերպել է ԼՂՀ բանակի շտաբի պետը: «Հայկական ժամանակ» թերթն այսօր շեշտադրում-մեջբերում է նաեւ նրա հետեւյալ խոսքը. - «Եթե հողը չենք վերաբնակեցնում՝ պահելն անիմաստ է, քանի որ իզուր բեռ է պետության վրա: Եթե հողը չի մշակվում՝ ինչի՞ համար ենք պահում: Պետք չէ պատմական էյֆորիայի մեջ ընկնել. այդ հողերը գրավված են՝ ազատագրված չեն, բայց այդ հողն ինչի՞ համար ենք գրավել...». գեներալ Հակոբյանն այսպես է արտահայտվել ԼՂՀ բանակի հսկողության տակ գտնվող ադրբեջանական հինգ շրջանների մասին (Ֆիզուլի, Ջեբրայիլ, Հորադիզ, Ղուբաթլու, Զանգելան): Ուշագրավ է եւ ԼՂՀ բանակի շտաբի պետի ակնարկը այս առումով. - «Եթե հանրապետության ղեկավարությունը որոշում կայացնի եւ իրենց, այսինքն՝ պաշտպանական բանակին, հրամայի սահմանի զորքերը ինչ-որ չափով ետ քաշել, ապա իրենք պարտավոր են այդ հրամանը կատարել, եւ եթե կա ինչ-որ փոխզիջումային ծրագիր, որի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն հաստատել եւ լուծել Ղարաբաղը Հայաստանին միավորելու կամ նրա անկախությունը միջազգայնորեն ճանաչելու խնդիրը, ապա այդ ծրագիրը պետք է իրագործվի»:

«Հայոց աշխարհ» թերթի վերլուծությամբ, հայաստանյան «էլիտայի անխռով վիճակը խիստ հակասության մեջ է զանգվածների ակնկալիքների հետ». - «Այսինքն՝ սոցիալ-քաղաքական կայունությունը միայն արտաքուստ է եւ ամրացած չէ քաղաքացիների մեծամասնության ներքին զգացողություններով։ Այդ խորապատկերի վրա ուժգնանում են հավանական վտանգ ներկայացնող գործընթացները։ Առաջինը եւ, թերեւս, գերակշռողը բյուրոկրատացումն է», - թվարկում է մեկնաբանը։ - «Բյուրոկրատիան դարձել է ինքնուրույն տնտեսական ուժ։ Էլիտան գնալով ավելի է փոխակերպվում նոմենկլատուրայի, ինչը ավելի ու ավելի է հեռացնում նրան ժողովրդից։ Այսպիսի կայունությունը չի կարող տալ ո՛չ սրընթաց աճ, ո՛չ բարգավաճում։ Քանզի նոմենկլատուրան շահագրգռված է ապահովել քաղաքացիների ընդամենը նվազագույն կարիքները, որպեսզի զերծ պահի իրեն դժգոհությունից։ Բայց շահագրգռված չէ տնտեսապես ու քաղաքականապես ակտիվ եւ, հետեւաբար, ինքնուրույն հասարակական գործողությունների ունակ ամբողջ խավերի առաջացմամբ»։ Այս իրավիճակում, որպես ելք, մեկնաբանը հրատապ է համարում ձեւավորել խաղի ազնիվ ու հստակ ընդհանուր կանոններ, բարոյական նորմեր, պահանջվում են միջին խավի ձեւավորմանն ուղղված գործողություններ, ինչպես եւ պետական, համազգային քարոզչության թեմա է առաջարկվում դարձնել «Աշխատող Մարդու» պաշտպանությունը:

«Այսօր Հայաստանին ցատկ է պետք սոցիալ-տնտեսական ոլորտում, ինչը կխանգարի ներկայիս ճահճացած վիճակի ամրապնդմանը: Բայց նման ցատկի համար հարկավոր է գործին նվիրված ու բանիմաց մարդկանց թիմ. ներկայիս նախարարներից շատերը այդպիսի տպավորություն չեն թողնում», - գրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Եվ այս ֆոնի վրա, երբ նախագահն ու իշխող կոալիցիան, զոհաբերելով կադրային քաղաքականությունը, ստորադասելով պետական շահերն ու ժողովրդի բարեկեցությունը, ամեն կերպ ջանում են պահպանել կոալիցիոն համաձայնությունները, միացյալ ընդդիմության կադրային բանկը բնավ ավելի վատը չի երեւում», - համադրվում է «Գոլոս Արմենիի»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG