Մատչելիության հղումներ

Վերջին ամիսներին իջել են սպառողական գները


Հայաստանում սպառողական գները վերջին երեք ամիսներին իջել են 5 տոկոսով։ Ազգային վիճակագրական ծառայության` այսօր հրապարակած ամփոփագրի համաձայն, գնային այդ նկատելի անկումը հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների՝ մրգերի, բանջարեղենի եւ ձկնեղենի, գների սեզոնային իջեցման արդյունք է։ Ընդհանուր առմամբ, վերջին 8 ամիսներին սպառողական գների մակարդակը Հայաստանում իջել է 0,5 տոկոսով։

Գնանկմանը (դեֆլյացիա) նպաստել է ոչ միայն թվարկված պարենային ապրանքների` հատկապես բենզինի, հագուստեղենի եւ կոշկեղենի գների իջեցումը։ Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե այդ ապրանքախմբերի գների իջեցումը եւս սեզոնային բնույթ ունի:

Նրա խոսքերով, վերջին ամիսներին էժանացել են ոչ միայն թվարկված լայն սպառման ոչ պարենային ապրանքները, այլեւ բարձր գին ունեցող այն ապանքները կամ ծառայությունները, որոնց դիմաց վճարումը կատարվում է դոլարի դրամական համարժեքով։ Ու քանի որ ամերիկյան դոլարը Հայաստանում այս վերջին ամիսներին արժեզրկվել է ավելի քան 7 տոկոսով, ապա դա էլ իր հերթին նպաստել է գների ընդհանուր մակարդակի իջեցմանը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, վերջին մեկ տարվա մեջ հայաստանյան շուկայում ամերիկյան դոլարը «թեթեւացել է» 10, 4 տոկոսով։ Անցյալ տարվա օգոստոսին ամերիկյան դոլարը արժեր 577 դրամ 84 լումա, իսկ այս տարվա օգոստոսի վերջին՝ 517 դրամ 74 լումա։

Ազգային վիճակագրական ծառայությունում դժվարանում են բացատրել, թե ինչով է պայմանավորված հայաստանյան շուկայում ամերիկյան դոլարի տարօրինակ վարքագիծը, մասնավորապես` փոխարժեքի կտրուկ անկումը հունիսի 25-ից սկսած ու նույնքան տարօրինակ կայունացումը վերջին շաբաթներին:

«Դոլարի նվազումը եւ աճը համաշխարհային շուկայում լրիվ տարբերվում է մեր շուկայի մակարդակից», - ասաց Երիցյանը: - «Տատանումները շատ դեպքերում լրիվ հակառակ պատկերն ունեն: Թե ինչով է դա պայմանավորված, մենք չենք կարող բացատրել: Մենք հիմա դրան բացատրությունը չունենք»:

Իհարկե, Ազգային վիճակագրական ծառայությունում պարտավոր էլ չեն մեկնաբանել այս հարցը, քանզի այն ավելի շուտ բարձրագույն դրամական իշխանությանն է հասցեագրված` Կենտրոնական բանկին, ուր, սակայն, չեն հոգնում կրկնել, թե դոլարի փոխարժեքի կտրուկ անկումը պայմանավորված էր արտասահմանից, ու հատկապես Ռուսաստանից մեր հայրենակիցների փոխանցած դոլարային զանգվածի կտրուկ աճով: Իսկ Կենտրոնական բանկը վարում է չմիջամտելու` «լողացող կուրս»-ի քաղաքականություն։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG