Մատչելիության հղումներ

Կարճվել է ՀԺԿ ակտիվիստի դեմ հարուցված հարուցված քրեական գործի վարույթը


Ընդդիմության գարնանային հանրահավաքների ընթացքում ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկված ու դրա հետեւանքով ամորձիներից մեկը կորցրած ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործի վարույթը կարճվել է:

Վիրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ չորեքշաբթի երեկոյան ստացել է Երեւանի Էրեբունի -Նուբարաշեն համայնքների դատախազ Բաբայանի համապատասխան որոշումը:

Գրիշա Վիրաբյանը մեղադրվում էր ոստիկանի դեմքին հեռախոսի լիցքավորիչով հարվածելու համար, իսկ նրան դաժանաբար ծեծի ենթարկած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու հայցը դատախազությունը մերժել էր:

«Քանի որ ամբողջ նախաքննության եւ քննության ընթացքում ես պնդել եմ, որ իմ դեմ կատարած հանցագործության մեղավորները պետք է իրենց արժանի պատիժը օրենքով կրեն, դա պնդել եմ նաեւ մամուլի միջոցով, հիմա էլ հաստատում եմ, որ իմ դեմ կատարած հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Ինքս հասնելու եմ արդարացի որոշման կայացմանը: Իմ հետագա բոլոր գործողությունների ամբողջ պատասխանատվությունը, իմ նպատակին չհասնելու դեպքում, ընկնում է իշխանությունների վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիրաբյանը:

44-ամյա Գրիշա Վիրաբյանը, ով Արտաշատի ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվելուց հետո ծանր վիրահատություն էր տարել, մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու» մեջ, ինչի համար սահմանվում է 5-10 տարվա ազատազրկում:

«Այս գործը քաղաքական է: Ես լիարժեք պատկերացնում եմ, որ սա քննիչի ապօրինությունները չեն: Ոչ էլ ոստիկանապետի: Այս հարցը լուծվում է ավելի բարձր քաղաքական ատյանում` նախագահի եւ հանրապետության դատախազի մակարդակում», - անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Վիրաբյանը` ավելացնելով, որ պայքարելու է «մինչեւ վերջ», պատրաստ է իր խնդիրը հասցնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG