Մատչելիության հղումներ

Հասարակածային Գվինեայում դատավարությունը անորոշ ժամանակով հետաձգվել է


Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը, Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում երեքշաբթի օրը անորոշ ժամանակով հետաձգվել է պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ մեղադրվող մի խումբ օտարերկրացիների` այդ թվում 6 հայ օդաչուների, դատավարությունը:

Ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցմանը տարածած հայտարարության մեջ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, նշելով, թե այսօր պետք է ընթերցվեր մեղադրականը եւ դատապաշտպաններին հնարավորություն տրվեր հանդես գալ պաշտպանական ճառերով, ավելացրել է. - «Սակայն կեսօրից հետո իրադարձություններն այլ կերպ զարգացան: Դատախազն առաջարկեց նիստն ընդհատել, քանի որ գործը վերաբերում է պետական հեղաշրջմանը եւ առանձին հանգամանքներ ավելի մանրամասն պետք է քննվեն: Չնայած դատապաշտպանների բողոքներին, որ դա հակասում է միջազգային օրենքներին, կարճ ընդմիջումից հետո դատավորը դատը հետաձգեց անհայտ ժամանակով»:

Գասպարյանը նաեւ հերքել է միջազգային եւ տեղական որոշ լրատվամիջոցների տարածած լուրը, թե հայ օդաչուները ազատ են արձակվել:

«Շփոթությունն առաջացել է հետեւյալից: Ինչպես գիտեք, նույն գործով զուգահեռաբար դատավարություն էր ընթանում նաեւ աֆրիկյան մի այլ երկրում` Զիմբաբվեում, ուր Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մասնակցության մեջ մեղադրվում էին մոտ յոթ տասնյակ այլ անձինք: Զիմբաբվեում դատավարությունն ավարտվել է եւ կասկածյալների մեծ մասն իրոք ազատ է արձակվել», - պարզաբանել է Գասպարյանը:

Այսօր ավելի վաղ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դատավարության ընթացքում հայ օդաչուների մեղքի ապացույց այդպես էլ չի ներկայացվել. - «Որեւէ մեկը վկայություն չի տվել, թե հայերը կապ ունեին ծրագրվող պետական հեղաշրջման փորձի հետ: Որեւէ ապացույց հայերի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ չի հնչել»:

Արտգործնախարարության խոսնակի ասածը, սակայն, որոշակիորեն հակասում է Հասարակածային Գվինեայի գլխավոր դատախազ Խոսե Օլո Օբոնոյի` ուրբաթ օրը հնչեցրած ճառին: Օբոնոն հայտարարել էր, թե հայ օդաչուները վարձկանների ջոկատի առաջամարտիկներն էին եւ, հունվար ամսից գտնվելով Կենտրոնական Աֆրիկայում, սպասել են մյուս վարձկանների ժամանելուն:

Հարցին, թե մեղադրող կողմի նման տրամադրվածությունը արդյո՞ք չի կանխորոշում կայացվելիք դատավճիռը եւ ինչպիսի՞ն է դատավորությանը հետեւող հայ դիվանագետների տպավորությունը, Գասպարյանը պատասխանեց. - «Այս պահին մենք ուղղակի ձեռնպահ ենք մնում որեւէ մեկնաբանություն տալուց, որեւէ տպավորություն հաղորդելուց»:

«Մենք հույս ունենք, որ մեր օդաչուները շուտափույթ ազատ կարձակվեն, որովհետեւ մենք համոզված ենք նրանց անմեղության մեջ», - եզրափակեց Համլետ ասպարյանը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG