Մատչելիության հղումներ

«Արդարություն» խմբակցությունը բոյկոտելու է նաեւ աշնանային նստաշրջանը


«Արդարություն» դաշինքի խորհրդի նիստում ուրբաթ օրը որոշում է կայացվել բոյկոտել նաեւ Ազգային ժողովի` սեպտեմբերի 13-ին սկսվող աշնանային նստաշրջանի աշխատանքները: Ընդդիմադիր դաշինքի ղեկավարների փոխանցմամբ, բոյկոտը կրկին մասնակի բնույթ կկրի` դաշինքի պատգամավորները չեն մասնակցի ԱԺ օրինաստեղծ գործունեությանը, սակայն խորհրդարանի ամբիոնը կօգտագործեն հայտարարությունների համար:

«Այսօր չկա որեւէ քաղաքական հիմք, իրավիճակի որեւէ լուրջ փոփոխություն չի կատարվել», - խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Չի վերացվել նաեւ այն պատճառը, որի համար մենք լքեցինք Ազգային ժողովը. այն է` կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, փոփոխություններ կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում եւ անցկացնել վստահության հանրաքվե»:

«Նաեւ պատասխանատվության չեն ենթարկվել ապրիլի լույս 13-ի գիշերը ժողովրդի դեմ բռնարարքներ կատարած պաշտոնատար անձինք: Այդ պատճառով դաշինքը աննպատակահարմար է համարում մեր գործունեությունը Ազգային ժողովում», - ավելացրեց Դալլաքյանը:

Օրակարգում մնալու է «սահմանադրական կարգի վերականգնումը եւ օրինական իշխանություն հաստատելու խնդիրը», որին հասնելու ձեւերն ու մարտավարությունը ընդդիմությունը կորոշի սեպտեմբերի 2-ին կայանալիք դաշինքի նիստում: Ամեն դեպքում, ըստ Դալլաքյանի, հանրահավաքներից զատ նախատեսվում են նաեւ պայքարի այլ ձեւեր ու եղականեր: Կլինին նաեւ անակնկալներ:

Աշնան սկզբին անակնկալներ է խոստացել նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա փոխանցմամբ, «Ազգային միաբանություն»-ը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա սեպտեմբերի 10-ին գումարվելիք կուսակցութան ակտիվի ժողովից հետո:

«Արդարություն» դաշինքի այսօրվա նիստում քննարկվել է նաեւ խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը, Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, գրեթե չի տարբերվում այն նախագծից, որն անցած տարի դրվեց հանրաքվեի եւ մերժվեց: Ավելին` նոր նախագիծը շատ ավելի վատն է, քան նախորդը եւ Հայաստանը տանում է «բռնապետության», քանի որ երկրի նախագահին տալիս է ավելի լայն լիազորություններ:

Դալլաքյանը օրինակ բերեց նախագծով ամրագրված` կառավարության ձեւավորման կարգը: «Եթե խորհրդարանը երկու անգամ չի հաստատում նախագահի ներկայացրած կառավարությունը, ապա երրրորդ անգամ հանրապետության նախագահը լուծարում է խորհրդարանը եւ նշանակում է իր կառավարությունը: Այսինքն` խորհրդարանը, որպես քաղաքական մարմին, ընդհանրապես դուրս է մղվում քաղաքական ասպարեզից», - փաստարկեց նա:

Ընդդիմության գլխավոր մտահոգությունն այն է, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը Ռոբերտ Քոչարյանին երրրոդ անգամ վերընտրվելու հնարավորություն է տալիս:

«Քանի որ անցումային դրույթներում ամրագրված չէ, որ հանրապետության նախագահը երրորդ անգամ չի կարող առաջադրվել, ապա նա հնարավորություն կարող է ստանալ, եւ Սահմանադրույթան նախագծում նշված չէ, որ այդ փոփոխությունները համաժողովրդական հանրաքվեի արդյունքում կարող են իրականացվել, ապա այդ պարագայում նա կարող է Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու արդյունքում հնարավորություն ստանալ առաջադրվելու երրորդ ժամկետի համար», - բացատրեց Վիկտոր Դալլաքյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG