Մատչելիության հղումներ

Հաշմված ընդդիմադիրը կդատվի` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով


Ընդդիմության գարնանային հանրահավաքների ընթացքում ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկված ու դրա հետեւանքով ամորձիներից մեկը կորցրած ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը որպես մեղադրյալ կկանգնի դատարանի առջեւ` «իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության գործադրում» մեղադրանքով, ինչի դեպքում 5֊-10 տարի ազատազրկում է նախատեսվում:

Արտաշատի Շահումյան գյուղի բնակիչ, 44-֊ամյա պատմաբան Գրիշա Վիրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ուրբաթ օրը ասաց, որ արդեն ծանոթանում է տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործի նյութերին, եւ միաժամանակ Վճռաբեկ դատարան է հասցրել իր բողոքը՝ քրեական գործ հարուցել նաեւ իրեն դաժան ծեծի ենթարկած ոստիկանների դեմ:

Ուրբաթ օրը Երեւանի Էրեբունու դատախազության քննիչ Կարեն Թորոսյանը, ով վարել է Վիրաբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երբ մեղադրյալը կծանոթանա գործի ամբողջ նյութերին, գործը կուղարկվի դատարան:

«Հաշվի առնելով հանցագործության կատարման վայրը, գործը կարող է ուղարկվել Արտաշատի դատարան», - ավելացրեց Թորոսյանը:

Գրիշա Վիրաբյանին մեղադրում են ոստիկանի դեմքին հեռախոսի լիցքավորիչով հարվածելու համար, իսկ նրան դաժանաբար ծեծի ենթարկած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու հայցը դատախազությունը մերժել է:

Արտաշատի ոստիկանությունում, ուր տարվել էր ապօրինի զենք կրելու կասկածանքով (Վիրաբյանի տանը կատարված խուզարկությամբ որեւէ զենք չի հայտնաբերվել), դաժան ծեծի ենթարկվելուց հետո ապրիլի 24-ին Վիրաբյանը վիրահատության էր ենթարկվել` հեռացվել էր նրա ամորձին:

Իսկ Վիրաբյանի դեմ բռնություն գործադրածներն այս գործում որպես վկա են ճանաչված, եւ իրենց ցուցմունքներում, առերեսումների ժամանակ, ըստ Վիրաբյանի «ակնհայտորեն ստել են»:

«Գործում կան անհերքելի ապացույցներ, որ իրենք կեղծ ցուցմունքներ են տալիս», - ասաց նա:

«Այս գործը քաղաքական է: Ես լիարժեք պատկերացնում եմ, որ սա քննիչի ապօրինությունները չեն: Ոչ էլ ոստիկանապետի: Այս հարցը լուծվում է ավելի բարձր քաղաքական ատյանում` նախագահի եւ հանրապետության դատախազի մակարդակում», - շարունակեց Վիրաբյանը ` ավելացնելով, որ պայքարելու է «մինչեւ վերջ», պատրաստ է իր խնդիրը հասցնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG