Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Զորավարժությունները խթան կհանդիսանան Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար»


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, հակադարձելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` անցած շաբաթ ավարտված զորավարժությունների առնչությամբ ադրբեջանական կողմի մեկնաբանություններին, երեքշաբթի օրը ասաց, թե անցած զորավարժությունները խթան կհանդիսանան հարցի խաղաղ կարգավորման համար:

«Նման զորավարժությունների անցկացումը նոր հնարավորություն կտա, խթան կհանդիսանա հարցի խաղաղ կարգավորման համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրուցում ասաց Միքայել Հարությունյանը: - «Այնպես որ, Ադրբեջանի արտգործնախարարի հայտնած տեսակետի հետ ես համաձայն չեմ»:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը միակը չէր ադրբեջանական կողմի այն տեսակետը հնչեցնողներից, թե Ղարաբաղում անցկացված զորավարժությունները «մահացու հարված էին» խաղաղ կարգավորման գործընթացին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացման ընթացքում արդեն ադրբեջանական կողմից նաեւ կարծիքներ հնչեցին, թե հայկական բանակի ողջ գեներալիտետի այնտեղ ներկա լինելու փաստը ապացուցում է, որ ոչ մի Պաշտպանության բանակ էլ Ղարաբաղում չկա. ադրբեջանցիների համոզմամբ՝ զորավարժություններն անցկացրել են Հայաստանի զինված ուժերը: Հերքելով այդ պնդումները` Հարությունյանը ասաց, որ Հայաստանի զինվորականները հրավիրված էին հետեւելու զորավարժություններին եւ նրանց մասնակցությունը սահմանափակվել է միայն խորհրդատվությամբ:

«Ինչ վերաբերում է մեր` այնտեղ ներկա գտնվելուն, մենք շատ զորավարժությունների ենք հրավիրված լինում` ասենք, Հունաստանում անցկացվող զորավարժություններին կամ ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Եվ բնական է, որ մեր ներկայությունն այնտեղ չի նշանակում, թե մենք ենք անցկացնում այդ զորավարժությունները», - ասաց նա` ավելացնելով նաեւ, որ ղարաբաղյան զորավարժությունների անցկացումը արդբեջանական կողմը չի կարող առիթ դարձնել, որպեսզի փորձի խոչընդոտել գալիք սեպտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի` «Լավագույն համատեղ ջանք 2004» զորավարժություններին Հայաստանի զինվորականների մասնակցությանը, որովհետեւ հայ սպաների մասնակցության մասին որոշումը կայացրել է ՆԱՏՕ-ի հրամանատարությունը:

Միացյալ Նահանգների զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարներից մեկը` գեներալ Չարլզ Ուոլդը Defense News պարբերականում օրերս նշել էր, թե չի բացառվում, որ Միացյալ Նահանգները ռազմակայաններ տեղակայեն աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաեւ Ադրբեջանում: Ամերիկացի գեներալի այս հայտարարությունը հետեւել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հայտարարությսնը, թե Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայանները կարող են վերատեղակայվել դեպի արեւելք:

«Այդ մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում, մի քանի տարի է արդեն, ինչ խոսում են Ադրբեջանի տարածքում ամերիկյան բազաների հնարավոր տեղակայման մասին, բայց այդ բազաները մինչեւ այսօր դեռ չկան: Չի բացառվում, իհարկե, որ որոշ բանակցություններ այդ ուղղությամբ վարվել են, բայց պաշտոնական տեղեկություններ մենք չենք ստացել: Ինչպես հիշում եք, պաշտպանության նախարարը [Հայաստանի] ասել էր, որ մեզ բացարձակապես չի խանգարի ամերիկյան ռազմակայանների տեղակայումը Ադրբեջանի տարածքում», - ասաց Հարությունյանը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG