Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները ջանում են Միացյալ Նահանգները ներգրավել Ղարաբաղյան խնդրում


(«Ռոյթեր» գործակալություն). – Հինգշաբթի օրը Ադրբեջանը դիմել է Միացյալ Նահանգներին` խնդրելով աջակցել Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու իր ջանքերին:

Այցով Բաքու ժամանած պաշտպանության նախարար Ռոնալդ Ռամսֆելդը, սակայն, որեւէ այլ օգնություն չառաջարկեց, բացի աջակցությունից միջազգային միջնորդներին, որոնք ջանում են հաշտեցնել Ադրբեջանն ու հարեւան Հայաստանը:

Մինչեւ 1994 թվականին հաստատված զինադադարը Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ են զոհվել: Հայերն այժմ վերահսկում են Լեռնային Ղարաբաղն ու շրջակա որոշ ադրբեջանական տարածքներ: Ադրբեջանը, որ դժգոհ է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործունեությունից (այստեղ համանախագահում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը), հորդորել է Եվրամիությանը եւ Արեւմուտքի այլ տերություններին անմիջականորեն ներգրավվել հակամարտության կարգավորման մեջ:

«Մենք ուզում ենք, որ մեր դաշնակից եւ գործընկեր ԱՄՆ-ը աջակցի Ադրբեջանին այս հակամարտությունում եւ պահանջի, որ Հայաստանը անմիջապես դուրս բերի օկուպացիոն զորքերը», - Ռամսֆելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Ռամսֆելդը Բաքվում ասել է, թե Վաշինգտոնը հանձնառել է զարգացնել կապերը Ադրբեջանի հետ: «Ես միանգամայն համամիտ եմ, որ մեր երկու երկրների հարաբերությունները անվտանգության ոլորտում շարունակում են աճել եւ ամրապնդվել», - ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Ռամսֆելդը, սակայն, խուսափել է արձագանքել Աբիեւի կոչին: «Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է նա` ավելացնելով, որ Վաշինգտոնը ներգրավված է Մինսկի խմբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG