Մատչելիության հղումներ

Կառավարությունն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը գյուղատնտեսական հողատարածքները բարելավելու գործում


Գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ, Հայաստանի կառավարությունը ակնկալում է, որ իր մշակած շուրջ 5 հազար հեկտար հողատարածքների արմատական բարելավման ծրագրի իրականացման կաջակցի Միացյալ Նահանգների կառավարությունը` «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի շրջանակներում:

15 այլ զարգացող երկրների հետ միասին Հայաստանը կարող է անհատույց օգնություն ստանալ «Հազարամյակի մարտահրավերները» հիմնադրամից, որի նպատակը տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների խթանումն է: Հիմնադրամից գումարները հատկացվելու են ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած հանձնաժողովի ներկայացրած առաջարկների: Հայաստանը ակնկալում է նշված ծրագրի շրջանակներում ստանալ շուրջ 500 միլիոն դոլարի անհատույց օգնություն:

Կառավարության նիստից հետո, որի ընթացքում հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին» օրինագիծը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը լրագրողներին պարզաբանեց, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են կառավարության մշակած մշակված «Մելիորացիայի զարգացման միջոցառումների ծրագիրը» իրականացնելու համար:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Մամիկոն Գասպարյանի փոխանցմամբ, Հայաստանի` շուրջ 273 հազար հեկտար ոռոգելի հողատարածքներից 30-35 հազար հեկտարը գտնվում են անբարենպաստ մելիորատիվ վիճակում: Նշված տարածքների մեծ մասը Արարատյան հարթավայրում է, որտեղ արտադրվում է գյուղատնտեսական մթերքների ճնշող մեծամասնությունը: Ոռոգելի հողատարածությունները Արարատյան դաշտավայրում կազմում են 81 հազար հեկտար:

«Նախարարության կողմից այս տարի մշակվել է «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի շրջանակներում ծրագիր` շուրջ 5 հազար հեկտար հողատարածքների արմատական բարելավման վերաբերյալ, որը ներկայացված է արդեն: Այս ծրագրի շրջանակներում 2500 հեկտար հողատարածությունների վրա բարձրանա գյուղատնտեսական մթերքների բերքատվությունը շուրջ 40 տոկոսով: 3 հազար հեկտար հողատարածություններ, որոնք այսօր անմշակ են, յուրացումից հետո կսկսեն օգտագործվել գյուղատնտեսական մթերքների արտադրության տակ: Ծրագրի այդ մասի արժեքը մոտավոր հաշվարկներով կազմում է 14 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը հասնում է 100 միլիոն դոլարի», - ասաց Մամիկոն Գասպարյանը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG