Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան ընտրությունները չեն ազդի բանակցային գործընթացի վրա»


«Մենք չենք կարծում, որ Ղարաբաղում կայացած ընտրությունները կազդեն խաղաղության գործընթացի կամ [ԵԱՀԿ] Մինսկի գործընթացի վրա», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին: Ադրբեջանը դեմ էր արտահայտվել անցած կիրակի Լեռնային Ղարաբաղում կայացած տեղական ընտրությունների անցկացմանը:

Վաշինգտոնում երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե Ամերիկան «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ երկիր»:

«Ղարաբաղի ապագա կարգավիճակը Մինսկի գործընթացի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների խնդիր է: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Էրելին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող մյուս երկու երկրները՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան պաշտոնապես չեն արձագանքել ղարաբաղյան ընտրություններին:

Այդ ընտրությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ընթացող Պաշտպանության բանակի զորավարժությունների կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե «Ադրբեջանը լրջորեն կմտածի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում իր երկրի մասնակցությունը շարունակելու նպատակահարմարության մասին, եթե Մինսկի խմբի համանախագահները կտրուկ բողոք չհայտնեն հայկական կողմի նմանօրինակ գործողություններին»:

Երեկ ուշ երեկոյան տարածվել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի պատասխանը «Արմենպրես»-ին. - «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կատարած վերջին հայտարարության առթիվ հարկ է նշել, որ բանակցային գործընթացում իր երկրի մասնակցության հարցը աճպարարության վերածելը եւ դա որպես միջազգային հանրության ու, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահողների նկատմամբ ճնշամիջոց օգտագործելը պարզապես անընդունելի է ու չի խոսում այդ երկրի խաղաղության հասնելու ձգտումների լրջության մասին»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG