Մատչելիության հղումներ

Հայաստանը հակադարձում է Ադրբեջանի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ


Ուրբաթ օրը պաշտոնական Երեւանը կտրուկ արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ընթացող զորավարժությունները եւ գալիք կիրակի անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դատապարտող Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անընդունելի է համարում Ադրբեջանի վերջին փորձը` քողարկելու տեւական խաղաղության հասնելու գործում իր ոչ կառուցողական դիրքորոշումը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտոողար Համլետ Գասպարյանի հայտարարության մեջ: - «Ադրբեջանի ռազմաշունչ կոչերը, դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, օրինական, ժողովրդավարական ընտրություններից, կամ արհամարհական հայտարարությունները նրա ինքնապաշտպանության իրականացման իրավունքին, միայն խորացնում են անվստահության ու ցինիզմի մթնոլորտը»:

Օգոստոսի 4-ին տարածած հայտարարությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը «խոր մտահոգություն» է արտահայտել երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում մեկնարկած պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժությունների կապակցության կապակցությամբ` նշելով, թե դա կխանգարի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման նախապատրաստմանը:

Երկու երկրների արտաքին գործերի նախարարները վերջին ամիսներին մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնցից հետո հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման լավատեսական հեռանկարների մասին զգուշավոր հայտարարություններով: Սակայն վերջին օրերին դրանք ստվերվել են հակամարտ կողմերի կտրուկ հայտարարություններով, որոնց համար խթան հանդիսացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նորացված սպառնալիքը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով` եթե խաղաղ բանակցությունները շարունակեն մնալ փակուղում:

Հայաստանի իշխանությունները անսովոր կտրուկ արձագանքեցին` զգուշացնելով, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի ուժային լուծման որեւէ փորձի դեպքում հետեւանքները աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի, առաջին հերթին` Ադրբեջանի համար»: Հայաստանյան պաշտոնյաները, սակայն, դեռեւս չեն արձագանքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Ռամիզ Մելիքովին վերագրվող առավել ռազմաշունչ հայտարարությանը, թե «25-30 տարի հետո Հարավային Կովկասում գոյություն չի ունենա Հայաստան պետությունը»:

Անհանգստացած Մելիքովի` Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթի մեջբերած հայտարարությամբ, Միացյալ Նահանգների Հայ Դատի հանձնախումբը երեկ նամակներ է հղել Սպիտակ Տուն եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին:

«ՄԵնք ակնկալում ենք, որ մեր կառավարությունը բավականաչափ ուժեղ եւ հրապարակայնորեն կհակադրվի Ադրբեջանի կառավարությանը այս բացահայտ ատելությամբ լի եւ ապակայունացնող սպառնալիքների կապակցությամբ», - ասված է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի հայտարարության մեջ: - «Դա չանելը կնշանակի ծայրահեղ վտանգավոր ազդանշաններ ուղարկել Բաքու»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG