Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը սատարում է Ջոն Քերրիին


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը այն 200 ամերիկացի գործարարների թվում է, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել նախագահության թեկնածու Ջոն Քերրիին:

Երեկ Այովա նահանգում, որտեղ իր քարոզարշավն է շարունակել Ջոն Քերրին, հրապարակվել է ամերիկացի հայտնի գործարարների հայտարարությունը, որում ասված է, թե «Քերիի - Էդվարդս զույգի ծրագիրը հենց այն է, ինչ պետք է Ամերիկային` բիզնեսը խթանելու եւ բարգավաճելու համար»:

Բացի Քըրքորյանից հայտարարությունը ստորագրել են «Սիթիգրուփ», «Միրամաքս», «Սիգրամ», «Ուորներ մյուզիք», «Օրաքլ», «Գուգլ» եւ այլ խոշոր ընկերությունների ղեկավարները:

86-ամյա Քըրք Քըրքորյանը, «Ֆորբս» ամերիկյան հանդեսի վկայությամբ, 6 միլիարդ դոլար կարողությամբ այս տարի 65-րդն է աշխարհի 500 միլիարդատերերի ցուցակում:

Անցած ամսվա վերջին Քերրիի պաշտպանությամբ է հանդես եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Իսկ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոս Վարթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այս շաբաթ ավելի վաղ ասել է, որ տարբեր նահանգներում բնակվող ամերիկահայերի հետ իր շփումների արդյունքում եկել է եզրակացության, որ հայերը հիմնականում հակված են պաշտպանելու դեմոկրատների թեկնածուին:

Ջոն Քերրին մի քանի ամիս առաջ խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG