Մատչելիության հղումներ

Աճել է հանցագործությունների քանակը


Ինչպես չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, 2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2004 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների քանակը ավելացել է 4,5 տոկոսով: Փոխոստիկանապետը աճը պայմանավորում է նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով:

Անցյալ տարի առաջին կիսամյակում գրանցվել էր 5120 հանցագործություն, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այս տարվա 6 ամիսների ընթացքում` 5351 հանցագործություն: Հիմնականում աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

Անցած տարվա օգոստոսին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով հանցագործություններից շատերի համար նախատեսված է ավելի մեղմ պատիժ, ինչի արդյունքում ազատ արձակվեց ավելի քան 800 մարդ, կրճատվեցին 1200-ի պատժաչափերը:

Մահտեսյանի խոսքերով, եթե մինչեւ նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցագործությունների շուրջ 20 տոկոսն էր կատարվում նախկինում դատապարտված անձանց կողմից, ապա այժմ` ավելի քան 46 տոկոսը:

«Փաստորեն նոր Քրեական օրեսգրքի ընդունմամբ դուրս եկած անձանց մեծ մասը նորից կատարել են հանցագործություններ», - ասաց նա` ներկայացնելով նաեւ հանցագործությունների աճի մեկ այլ պարզաբանում` ծանրաբեռնվածությունը հասարակական կարգի պահպանության ուղղությամբ. - «2004-ի առաջին կիսամյակում ոստիկանությանը առավել շատ ներգրավված է եղել հասարակական կարգի պահպանման աշխատանքներում, 136 զանգվածային միջոցառումների ու 167 պաշտոնական ուղեկցումներ են ապահովվել: Այնպիսի զանգվածային միջոցառումներ են եղել, որոնց ժամանակ կարծես թե ոստիկանության ամբողջ համակարգն է մասնակցել»:

Փոխոստիկանապետի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 2585 ավտոմեքենա, որոնցից 29-ը, ինչպես պարզվել է ստուգումների արդյունքում, գողացված ու միջազգային հետախուզման մեջ են եղել:

42 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները. արձանագրվել է 513 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 97 եւ մարմնական վնասվածք է ստացել 672 մարդ: Սա, ըստ Արարատ Մահտեսյանի, հետեւանք է այն բանի, որ ներկրվում են արագընթաց մեքենաներ, որոնց վարորդները վերանորոգված մայրուղիներում գերազանցում են երթեւեկության թույլատրված արագությունը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG