Մատչելիության հղումներ

Կազմավորվել է ԵՄ - Հայաստան «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի» իրականացման ազգային հանձնաժողով


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, ավարտվող շաբաթասկզբին կառավարության որոշմամբ ստեղծվել է Եվրամիության – Հայաստան «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի» իրականացման ազգային հանձնաժողով` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

90-ականների վերջին ստորագրված «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով» են կարգավորվում
Եվրամիության – Հայաստան հարաբերությունները:

«Դա բավականին ներկայացուցչական հանձնաժողով է լինելու` Հայաստանի բոլոր նախարարությունները եւ գերատեսչությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Եվրամիության հետ հարաբերություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Դիվանագետը հանձնաժողովի ստեղծումը դիտարկում է որպես Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրում ընդգրկվելուն ընդառաջ արված քայլ` ավելացնելով. - «Մենք դեռեւս բավականին տեղ ունենք զարգացնելու, առաջ մղելու մեր հարաբերությունները հենց այդ համաձայնագրի շրջանակներում»:

Սամվել Մկրտչյանի խոսքերով, համաձայնագրի դրույթների առավել խորքային իրականացումը հող կնախապատրաստի, որպեսզի «Նոր հարեւանություն» ծրագրում ներգրավված յուրաքանչյուր երկրի հետ առանձին մշակվելիք գործողությունների պլանում արձանագրվեն ոչ թե արդեն լուծման ընթացքի մեջ գտնվող խնդիրներ, այլ ձեւակերպվեն նոր առաջնահերթություններ: Գործողությունների ծրագիրը ամփոփող փաստաթուղթը, ըստ Սամվել Մկրտչյանի, կհստակեցվի 2004-2005 թվականների սահմանագլխին, երբ Եվրամիությունը վերջնական տեսքի կբերած կլինի գնահատումների սեփական փաստաթուղթը:

«Եվ այդ գնահատման փաստաթուղթը իր հերթին հիմք կծառայի, որպեսզի մշակվի գործողությունների ծրագիր կոնկրետ յուրաքանչյուր երկրի հետ, որ ընդգրկված է եվրոպական հարեւանության ռազմավարությունում», - պարզաբանեց Մկրտչյանը` ավելացնելով, որ մշակվելիք ծրագիրը, ըստ էության, ուղեցույց է դառնալու Երեւանի ու Բրյուսելի միջեւ առաջիկա տարիների առաջնահերթ համագործակցության ոլորտները սահմանելիս:

Մկրտչյանի խոսքերով, Եվրամիություն – Հայաստան հարաբերություններում առաջնահերթությունները ընդգրկում են «քաղաքական եւ տնտեսական ոլորտները, օրենսդրությունը»: Նա առանձնացրեց նաեւ «ազգային ծրագրի իրականացման եւ Եվրամիության հետ հարաբերությունների կազմակերպչական կառուցվածքը», «հասարակական իրազեկության բարձրացմանը ուղղված համալիր միջոցառումների իրականացումը»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG