Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Հայաստանին վերաբերող առաջին զեկույցը


«Հայաստանում ձերբակալված մարդիկ մեկուսարաններում ոչ պատշաճ վերաբերմունքի արժանանալու էական ռիսկի են ենթարկվում», - ասված է Եվրոպայի խորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի հրապարակած զեկույցում:

Սա Հայաստանին վերաբերող առաջին զեկույցն է, որը կազմվել է 2002 թվականին Հայաստան կատարած այցելությունից հետո: Զեկույցում նշվում է, որ այդ այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ձեռք են բերել բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ, որ ձերբակալված քաղաքացիները մեկուսարաններում ենթադրաբար արժանանում են ոչ պատշաճ վերաբերմունքի:

Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն նաեւ կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշենի բանտում ցմահ ազատազրկման դատապարտվածների պայմանները բարելավելու համար:

Եվրախորհուրդը երեկ տարածած հաղորդագրությունում փաստում է, որ Հայաստանի իշխանությունները այս զեկույցին վերաբերող պաշտոնական պատասխանում վկայակոչում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ոստիկանների պատրաստվածությունը բարելավելու եւ կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը մեղմելու համար:

Զեկույցը զետեղվել է Եվրախորհրդի ինտերնետային էջում, որտեղ, Հայաստանի համաձայնությամբ, հրապարակվել են նաեւ երկրի իշխանությունների պատասխանները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG