Մատչելիության հղումներ

Հասարակությունը Հայաստանում «չունի հստակ ձեւավորված արժեքային համակարգ»


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հինգշաբթի օրը ներկայացվեցին ու ամփոփվեցին հուլիսի 12-27-ը 50 փորձագետների շրջանում անցկացված` «Արժեքային եւ գաղափարական կողմնորոշիչներ. հրամայականներ եւ այլընտրանքներ» թեմայով հարցման արդյունքները, որոնք վկայում են, որ անկախացումից 13 տարի անց էլ «Հայաստանում հասարակությունը չունի հստակ ձեւակերպված արժեքային համակարգ»:

Առօրյա կյանքում գործող արժեքային համակարգը, ըստ հարցման արդյունքների, կրում է ոչ թե ապագայի կողմնորոշիչների, այլ անցյալի ազդեցությունը: Փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ մենք գնում ենք դեպի ավտորիտարիզմ:

«Ներկայիս իրողությունների պայմաններում գնում ենք դեպի հակաժողովրդավարական քաղաքական համակարգ, քաղաքական ռեժիմ: Եվ ընդամենը 16 տոկոսն է լավատեսություն հայտնել, որ մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն», - հարցման արդյունքներից ներկայացրեց կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա փոխանցմամբ, փորձագետների մեծ մասի կարծիքով, Հայաստանում ժողովրդավարություն կհաստատվի 5-25 տարվա ընթացքում, 6 տոկոսը համոզված է, որ այն կհաստատվի 50 տարի հետո միայն, իսկ 8 տոկոսն էլ կանխագուշակել է, թե միայն 100 տարի անց մեզանում ժողովրդավարություն կհաստատվի:

«8 տոկոսը ընդհանրապես վատատես են եւ կարծում են, որ մեզ մոտ երբեք ժողովրդավարություն երբեք չի լինի», - ասաց Սաֆարյանը:

«Գոյություն ունեցող ռեժիմը չի կարող նպաստել հոգեւոր վերելքին: Իսկ երբ ասում ենք` մեզանում գոյություն ունեցող գաղափարախոսություններ, մենք, իհարկե, զգալիորեն կեղծում ենք, որովհետեւ գաղափարախոսությունները որպես այդպիսին հիմնվում են գոյություն ունեցող դասակարգերի վրա: Դասակարգեր ներկայիս մեր իրավիճակում, փաստորեն, չկան: Մենք չունենք, ըստ էույթան, ոչ մի դասակարգ: Հարաբերականորեն կայուն խավերի քանակությունը եւս արտակարգ սակավ է Հայաստանում», - ասաց փորձագետ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Վարդան Խաչատրյանը:

Հարցման արդյունքերով, միջին հայ մարդուն քրիստոնեականի հետ մեկտեղ բնորոշ են աթեիստական եւ հեթանոսական աշխարհաճանաչողությունները: Եվ առհասարակ, փորձագետների մեծամասնության համոզմամբ, հայ մարդը բացասական փոփոխություններ է կրել` կորցնելով հոգեւորի, ոգեղենի եւ մշակույթի հանդեպ իր երբեմնի հետաքրքրությունը:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով, փորձագետները նշել են նաեւ դրա պատճառները. - «Ըստ էության, պատճառների մեջ առաջին տեղում այն է, որ իշխանությունները «բարեփոխումներ վերեւից» մոդելի շրջանակներում օրինակ չեն ծառայում: 20 տոկոսը կարծում է, որ պարզապես մատուցվող հոգեւորը ինքը ցածն որակ ունի: Սա, կարծում եմ, մեր մշակութային էլիտային լուրջ մտածելու տեղիք է տալիս: 14 տոկոսը կարծում է, որ մեր կյանքը պարզապես գերնյութականացել է եւ այդպիսին է կյանքի ընկալումը ու, բնականաբար, հոգեւորը չի կարող պահանջարկ ունենալ: 10 տոկոսը կարծում է, որ նյութական խնդիրները այնքան շատ են, որ հոգեւորով զբաղվելու տեղ չեն թողնում: 6 տոկոսը կարծում է, որ քաղաքական ընտրախավը լայն իմաստով օրինակ չի ծառայում»:

Վարդան Խաչատրյանին, ում համոզմամբ, վաղնջական ժամանակներից եկող հայ ժողովուրդը հոգեւոր մեծ պաշարներ է ամբարել, նման արդյունքները, սակայն, չեն հուսահատեցնում:

«Ես համոզված եմ, որ դա այդպես չի կարող լինել, որովհետեւ հազարամյակների միջով անցած, բազում ելեւէջների փորձով ներծծված ժողովուրդը, ժողովուրդը, որը ապրել է գենոզիդ, չի կարող լինել բացասական», - հուսադրեց Խաչատրյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG