Մատչելիության հղումներ

Վարչապետ Մարգարյանը ավարտեց պաշտոնական այցը Մոսկվա


Հինգշաբթի օրը Մոկսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ հանդիպմամբ ավարտվեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եռօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ վարած բանակցություններում գերակշռել են տնտեսական հարցերը:

Պաշտոնական այցի վերջին օրը Մոսկվայի քաղաքապետարանում Յուրի Լուժկովը եւ Անդրանիկ Մարգարյանը քննարկել են Մոսկվայում հայկական առեւտրային կենտրոն կառուցելուն առնչվող հարցեր: Քաղաքապետ Լուժկովը ասել է, որ այդ որոշումը արդեն ընդունված է եւ կենտրոնի համար նախատեսված հողատարածքը արդեն հատկացված է:

Անդրանիկ Մարգարյանի մոսկովյան հանդիպումների անցան հայ-ռուսական տնտեսական շփումները քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու կարգախոսի ներքո:

«Մենք ունենք չօգտագործված ներուժ տնտեսական համագործակցությունը էլ ավելի խորացնելու համար, եւ մենք պետք է ու կարող ենք քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի մակարդակը քաղաքական ու ռազմական համագործակցության մակարդակին հասցնելու համար», - Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի օրը ասել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: - «Սա Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների խնդիրներն են, եւ մենք այդ խնդիրները կարող են լուծել»:

Այցի ընթացքում կնքվել է մեկ համաձայնագիր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ:

Հայաստանի վարչապետը մեծ հույսեր է կապում Ռուսաստանի օժանդակության հետ` որպեսզի Հայաստանը ընդգրկվի Հյուսիս - Հարավ տրանսպորտային միջանցքի միջազգային ծրագրում: «Մենք կկամենայինք մինչեւ տարեվերջ ընդգրկված լինել այդ ծրագրում: Դա շատ կարեւոր է մեզ համար», - չորեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման ժամանակ ասել է Անդրանիկ Մարգարյանը:

Նշված ծրագրի իրագործման համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Իրանը: Այլ երկրները կարող են միանալ դրան:

Սերգեյ Միրոնովը Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ առաջարկ է եղել Մոսկվայում բացել Հայ-ռուսական համալսարան:

«Այդ գաղափարը մեծ ոգեւորությամբ է ընդունվել», - ասել է Միրոնովը` հավելելով, թե համալսարանը կարող է լավ ապագա ունենալ, քանի որ Մոսկվայում մեծ է հայկական համայնքը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG