Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան զինվորականի որդին մեղադրվում է ԱՄՆ քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ


Հայաստանի Ոստիկանության լրատվական ծառայությունը չորեքշաբթի օրը հաստատել է լրատվամիջոցներում հրապարակված լուրը, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի որդին` 30-ամյա Արսեն Հարությունյանը ծեծի է ենթարկել Միացյալ Նահանգների քաղաքացի, 29-ամյա Դեւիդ Բեյքերին:

Տհաճ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Երեւանի կենտրոնում գտնվող «Բունկեր» սրճարանում: Ոստիկանության փոխանցմամբ, նույն օրը Բեյքերը դիմել է Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին` հայտարարելով, թե ոմն Արսեն բռունցքներով հարվածել է իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկված քննությամբ պարզվել է, որ Միացյալ Նահանգների քաղաքացուն ծեծի ենթարկողը եղել է Արսեն Միքայելի Հարությունյանը:

Հետաքննությունն իրականացնող բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նաեւ, որ Դեւիդ Բեյքերի խոսքերով, Արսեն Հարությունյանը ծեծի է ենթարկել նաեւ իր հետ «Բունկեր» սրճարան եկած երկու աղջիկների, որոնցից մեկը եւս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը առայժմ չի հրապարակել տվյալներ այդ աղջիկների ինքնության վերաբերյալ: Մամուլի հրապարակումներում, մինչդեռ, նշվում է, թե ծեծված աղջիկներից մեկը Դեվիդ Բեյքերի հարսնացուն է:

Միջադեպի պատճառները, ըստ ոստիկանների, պարզ կդառնան միայն հետաքննության ավարտից հետո:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Բեյքերը երեքշաբթի օրը դիմել է իրենց` տեղեկացնելով, որ իրեն ծեծի են ենթարկել: Դեսպանությունից նաեւ ասացին, թե քանի որ Դեւիդ Բեյքերը իրենց աշխատակիցը չէ, դեսպանատունը չի կարող միջամտել գործին:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել միջադեպը: Նրա խոսքերով` կողմերի մեղավորության աստիճանը կպարզի հետաքննությունը:

«Իմ կողմից կոռեկտ չի լինի որեւէ բան ասելը», - փաստարկեց նա` ավելացնելով սոսկ, որ «շատ լավ է դաստիարակել» իր երեխաներին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG