Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդները հանդիպեցին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ


Տարածաշրջանային այցի առաջին փուլով Հայաստան ժամանակ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահները կիրակի օրը, առաջին անգամ իրենց այցելությունների ընթացքում, Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի` այդ թվում նաեւ արմատական ընդդիմության, ներկայացուցիչների հետ:

Ամերիկացի, ֆրանսիայի եւ ռուսաստանցի համանախագահներ Սթիվեն Մաննը, Անրի ժակոլենը եւ Յուրի Մերզլյակովը հանդիպման էին հրավիրել իշխող կոալիցիայի ներկայացուցիչներից Տիգրան Թորոսյանին (ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ փոխնախագահ), Արմեն Ռուստամյանին (ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն), Մհեր Շահգելդյանին (ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր»): Ընդդիմությունը ներկայացրել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մհեր Շահգելդյանը, հանդիպման նպատակը Հայաստանի քաղաքական ուժերին «կարծիք հասցնելն էր», որ Ղարաբաղյան հիմնախնդրի ձգձգումը ոչ մի կողմին դրական դիվիդենտներ չի բերելու:

«Եվ երկրորդը` ցանկությունը այդ ամբողջության մեջ տեսնել, հասկանալ հասարակական կարծիքի վրա ազդող անձանց մոտեցումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելացրեց Շահգելդյանը:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի տպավորությամբ, եռանախագահողները «վերահաստատեցին իրենց այն հայտարարությունը, որ Մինսկի խումբը չունի առաջարկություն անելու որեւէ լիազորություն, այլ սոսկ նպաստում է երկու կողմերի կարծիքների մերձեցմանը:

«[Մինսկի խումբը] Կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը կներկայացնեն միասնական լուծման տարբերակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը` որպես միակ նորություն էլ դիտելով հետեւյալը. - «Մինսկի խմբի համանախագահներին հետաքրքրում էր` արդյո՞ք Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ուժերը եւ նույնիսկ պետական գործիչները շահագրգռված են այդ հարցի արագ լուծումներով, կարգավորման արագ տարբերակներով»:

Հրանտ Խաչատրյանի փոխանցմամբ, հայկական կողմի դիրքորոշումը մասնավորապես այն է եղել, թե հայերը կողմ են հակամարտության արագ կարգավորմանը, քանի որ, կարծես թե, կա ըմբռնումը, որ Ղարաբաղի պրոբլեմն արդեն լուծված է եւ մնում է դրա հետեւանքը՝ հակամարտությունը կարգավորել:

Համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Վաղը նրան կլինեն Ստեփանակերտում, ապա` վերադառնալով Երեւան, կմեկնեն Բաքու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք օրակարգում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հարց, ասաց. - «Ես այս պահին չեմ կարող բացել բանակցությունների բովանդակությունը, սակայն Ադրբեջանի տարածքում Հայաստանի զորքերի առկայության հարցը պիտի որ քննության նյութ դառնա: Բայց մանրամասներ ես իրավունք չունեմ հրապարակելու, որովհետեւ կողմերը գաղտնիության պայմանավորվածություն են ձեռք բերել»:

Դեսպան Մերզլյակովը փոխանցեց նաեւ, որ նոր առաջարկություններ իրենք չեն բերել:

«Այս փուլում տեղի ունեցողն այն է, որ շարունակվում է այն խորհրդատվական գործընթացը, որը ծայր առավ Պրահայում համանախագահողների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներով: Երեւան - Ստեփանակերտ - Բաքու երթուղով շրջագայությունը համանախագահողների համար կանոնավոր բնույթ է կրում», - ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը: - «Բայց այս անգամ այցի նպատակն ինչ-որ տեղ նաեւ այն է, որպեսզի ինչ-որ չափով ստուգենք ու համեմատենք խորհրդակցությունների անցած երեք փուլերի արդյունքների մեր ըմբռնումը երկու կողմերի ըմբռմնման հետ, ինչը եւ հիմա մենք փորձում ենք անել»:

«Պրագայի խորհրդակցությունները, կարծես բանակցություններ են բանակցությունների մասին, երբ տեղի է ունենում ապագա օրակարգի մշակումը», - շարունակեց Մերզլյակովը: - «Եվ կան հարցեր, որ երկու կողմն էլ համաձայն են, որ ընդգրկվեն օրակարգում՝ որպես քննարկման առարկա: Սակայն այդ հարցերը, ըստ էության, խորությամբ չեն էլ քննարկվել, հետեւաբար դժվար է ասել, թե կան կամ չկան այնպիսի հարցեր, երբ կողմերի կարծիքները համընկնում են: Կգա ժամանակը եւ դա նույնպես կլինի», - ամփոփեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG