Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի վերլուծությամբ, նախագահ Քոչարյանի ելույթը Ստրասբուրգում չէր կարող ծափողջույններով ընդունվել, քանզի եվրոպական բարձր ամբիոններից ընդունված չէ խոսել դաշտային հրամանատարի կեցվածքով. - «Եվրոպացիների մոտ այդ դեպքում կամա թե ակամա զուգահեռներ են առաջանում Միլոշեւիչի հետ: Անզիջում դիրքորոշումը այսօր դժվար է տեղավորվում եվրոպական մենթալիտետի մեջ, ուր այժմ հաշվի առնելով եվրաինտեգրման գործընթացները՝ գերադասում են ամեն ինչ դիտարկել փոխադարձ ընդունելի զիջումների հարթությունում»: Մի խոսքով՝ «Ռոբերտ Քոչարյանի ստրասբուրգյան ելույթը հիմնականում հասցեագրված էր ոչ թե արտաքին աշխարհին, այլ հենց Հայաստանի հանրությանը: Նրա հաշվարկը բավականին պարզ էր՝ ներքին լեգիտիմության պակասը փորձել համալրել հայրենասիրության խաղաթղթով, եւ այդ հաշվարկը իրեն արդարացրեց», - գնահատում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ ավելացնելով. - «Անզիջում հայրենասերի կեցվածքը պահելու համար Ռոբերտ Քոչարյանը ունի նաեւ այնպիսի ռեսուրս, ինչպիսին է արտաքին ճնշումների կտրուկ ուժգնացման պահին Վարդան Օսկանյանին «վաստակած հանգստի» ուղարկելը... Եվ ամենակարեւորը՝ եթե բանը հասնի նախագահի հրաժարականին, նա կկարողանան հեռանալ ոչ թե ընդդիմության ու դժգոհ ժողովրդական զանգվածների ճնշման ներքո, այլ որպես պատերազմում հաղթած ու հաղթանակից հետո մի թիզ հող զիջելը անընդունելի համարող նախագահ»: Որպես իշխանությունը պահելու մեծ ռեսուրս «Իրավունք»-ում մատնանշվում են եւ ընդդիմությունը պառակտելուն ուղղված քայլերը՝ մասնավորապես. - «Քարոզչամեքենան հրապարակ է նետում այն գաղափարը, թե ընդդիմադիր դաշտի գործնական վերակենդանացումը հնարավոր է միայն ՀՀՇ-ականների ակտիվ ներգրավմամբ, իսկ դա, բնականաբար, ուղղված է ընդդիմադիր դաշտը հենց ՀՀՇ-ի հարցի շուրջ պառակտելու նպատակին»:

«Համարժեք քայլերի անհրաժեշտություն» վերնագրով խմբագրականում «Երկիր» թերթն այսօր շեշտադրում է. - «Եթե երկրում ներքաղաքական մթնոլորտը պարունակում է սրացումների վտանգ, չեն բացառվում քաղաքական ցնցումները, ժողովրդի ու, ընդհանրապես, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, իշխանության քայլերը պետք է միտված լինեն ոչ այնքան եւ ոչ միայն մասնակի բարեփոխումների իրականացմանը, այլ պետք է պարունակեն իրավիճակն արմատապես փոխելու, որակական բեկում առաջացնելու ուժականություն... Ցավոք, այս տրամաբանությունը մեզանում ոչ ամենուրեք եւ ոչ ամենքի դեպքում է դրսեւորվում», - գրանցում է «Երկիր»-ը: - «Այս ընթացքով ընդդիմությունն ու իշխանությունը պարտադրվում են իրենց ներուժը կենտրոնացնել միմյանց դեմ գործելու, իրար հանդեպ իրականացվող մեծ ու փոքր խայթոցներին հակադարձելու, ավելի ու ավելի շատ քարոզչությամբ, քան ռեալ գործով զբաղվելու վրա»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, «քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում սկիզբ առած վերադասավորումները վկայում են, որ արդեն աշնանը իշխանությունները գործ են ունենալու որակական բոլոր չափանիշներով ավելի բարձր եւ ամենակարեւորը՝ իր առջեւ կանգնած խնդիրները հստակորեն պատկերացնող հակառակորդի հետ». - «Եվ դա իշխանությանն եւ նրան աջակցող ուժերին այսօրվանից արդեն կանգնեցնում է որակապես նոր մակարդակի խնդիրներ լուծելու հրամայականի առջեւ»: Այս առումով, որպես բացեր, մեկնաբանը թվարկում է երկրում արձանագրվող տնտեսական աճի արդյունքների շատ թե քիչ համաչափ բաշխման մեխանիզմների բացակայությունը, սոցիալապես անապահով խավերին ցույց տրվող աջակցության անհամապատասխանությունը երկրի ռեալ հնարավորություններին, կոալիցիայի կողմից իրականացվող քաղաքականության անհամապատասխանությունը Հայաստանի ներկա տնտեսական հնարավորություններին, ինչպես նաեւ կադրային քաղաքականության կուսակցականացման հետեւանքով արձանագրված պարադոքսը՝ ողջ իշխանության ինտելեկտուալ ներուժի անկումը բարձրանալու փոխարեն: «Այս ամենը շտկելու հիմնական նախապայմանը իշխանության քաղաքական-ինտելեկտուալ որակների բարձրացումն է», - բխեցվում է «Հայոց աշխարհ»-ում:

«Դաշնակցությունը ժամանակին ընդվզում էր անգամ այնժամ, երբ ՀՀ արտգործնախարարը հայտնվում էր թուրքական օդանավում: Իսկ այժմ, երբ ՀՅԴ-ն իշխանություն է, Թուրքիայի հասցեին նույնիսկ գովեստի խոսքերին «ըմբռնումով» է մոտենում», - ուշադրություն է սեւեռում այսօր «Առավոտ» թերթը: Միաժամանակ՝ «Դաշնակիցներն էլի համամիտ չեն» բանաձեւի ներքո «Առավոտ»-ում համադրված է. - «ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե պիտի դրական վերաբերմունք ցույց տանք միջազգային կառույցներում Թուրքիայի ներգրավվածությանը: «Համամիտ չեմ այս մոտեցմանը», - ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: - «Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ողջ բարդությունը եւ այն, որ վերջին տարիներին պետական ու հասարակական դաշտում ձգտում կա ըմբռնման եզրեր գտնելու՝ մենք որոշակիորեն խուսափում ենք հակառակ քայլեր կատարելուց: Բայց դա ոչ նրա համար, որ կողմ ենք Թուրքիայի ինտեգրմանը»:

«Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի կուրսը շարունակում է մնալ աննախադեպ ցածր: Առաջին հայացքից ազգային արժույթի նման պահվածքը պետք է նույնքան ազգային հպարտություն հաղորդեր մեզ: Սակայն խնդիրը գործնականում դիտարկելու պայմաններում՝ ստացվում է բոլորովին այլ պատկեր», - ամրագրում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ՝ գործնականում նվազում է նաեւ դրամի գնողունակությունը... Ազգային արժույթի արժեվորմանը զուգընթաց՝ բնակչությունն ավելի է աղքատանում»: Այս գործընթացը ձեռնտու է միայն չափազանց փոքրաթիվ մարդկանց, մասնավորապես՝ խոշոր ներկրողներին: Ընդհանուր առմամբ, «Հայկական ժամանակ»-ի խտացմամբ՝ «երբ դրամը արժեվորվում է, բնակչության մի զգալի մասի կենսամակարդակը նվազում է: Երբ դրամը արժեզրկվում է, բնակչության նույն հատվածի կենսամակարդակը կրկին նվազում է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG