Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի խտացմամբ՝ Հայաստանը ժողովրդավար է այնքանով, որ շքանշան վերադարձնելու համար Սիլվա Կապուտիկյանին չաքսորեցին կամ այլախոհության համար չբանտարկեցին: «Հենց դրանով էլ սահմանափակվում է 13 տարվա առաջընթացը: Որոշ առումներով ներկայիս իշխանությունն իր ավտորիտարիզմով գերազանցում է իր երբեմնի կուսակցական բոսսերին» - համեմատում է «Առավոտ»-ը: - «Վերջիններս գոնե արտաքուստ ձեւեր էին թափում, թե հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ եւ թույլ չէին տալիս նոմենկլատուրային բացահայտ եւ անամոթաբար ցուցադրել իրենց անաշխատ եկամուտները: Բացի այդ, բոլշեւիկները երբեք այսքան բացահայտ չէին հպարտանա, որ մահակներով ու ջրցան մեքենաներով ցրել են խաղաղ ցուցարարներին»:

«Սեպտեմբերի 13-ին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին նիստում պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է որոշեն ընդդիմադիր 24 պատգամավորներին մանդատից զրկել-չզրկելու հարցը: Եթե մինչ այդ ընդդիմությունը կոալիցիայի հետ նստի բանակցությունների, եւ քաղաքական համաձայնությունը կայացվի, ապա կոալիցիայի պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց ընդդիմադիր գործընկերների բացակայությունները կհամարեն հարգելի, ու վերջիններս կպահպանեն իրենց մանդատները: Եթե՝ ոչ, ապա սեպտեմբերի 14-ից արդեն ԱԺ-ում մենք չենք ունենա ընդդիմություն... Հասարակական եւ պաշտոնական ճնշում կա, թե հանուն ինչի նրանք պետք է պահպանեն իրենց մանդատները», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Իշխող կոալիցիայից մի պատգամավոր էլ ձեւակերպել է. - «Ընդդիմությանը 30 օր ենք տվել՝ գործուն զղջալու համար»: «Այսուհանդերձ, շատերն այն կարծիքին են, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է բլեֆի գնալ ընդդիմությանը սանձելու համար եւ ոչ մի դեպքում չի համարձակվի ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատից», - եզրափակում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Հայոց աշխարհ» թերթի վերլուծությամբ՝ ներկայումս ՀՀՇ-ն «հասկացնում է «Արդարություն» դաշինքին, որ ժամանակն է սերտացնել համագործակցությունն ու միասնական ջանքերով դառնալ հստակորեն արեւմտամետ ընդդիմության ձեւավորման արտաքին-քաղաքական պատվերի կրողը»: Ըստ մեկնաբանի՝ ՀՀՇ հավակնությունների մեծացումը առաջին հերթին պայմանավորված է այն միջազգային-քաղաքական կացության յուրահատկություններով, որի մեջ հայտնվել է Հայաստանը Վրաստանում կատարված իշխանափոխության, ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի, այսինքն՝ ողջ տարածաշրջանը դեպի Եվրամիություն ու ԱՄՆ վերակողմնորոշվելու հեռանկարների առկայության պատճառով: «Հայոց աշխարհ»-ում նախանշված է. - «Ինչ էլ որ լինի այս ողջ քաղաքական զոնդաժի վերջնական արդյունքը, մի բան ակնհայտ է արդեն այսօր: Կա՛մ «Արդարությունը» որպես ամբողջություն կենթարկվի ՀՀՇ-ին, կա՛մ նրա ՀՀՇ-ածին հարվածային ջոկատը՝ «Հանրապետություն»-ն ու «Երկրապահ»-ի նրան հարող թեւը կհիշեն «անառակ որդու վերադարձի» աստվածաշնչյան պատմությունը»:

«Մերձեցում Հայաստանի հաշվին» խորագրի տակ «Հայկական ժամանակ» թերթն այսօր ի մի է բերել. - «Տարածաշրջանի երկրները վաշուվիշ անելու նորանոր առիթներ են մեզ մատուցում»: Օրերս հայտարարվեց, որ համաձայնություն է կայացվել եւ իրանական գազը Վրաստան է տեղափոխվելու Ադրբեջանի տարածքով: Մինչդեռ մայիսին կնքված Իրան - Հայաստան գազամուղի համաձայնագրով նախատեսվեց մի խողովակաշար, որով իրանական գազը Հայաստանից հնարավոր չի լինի արտահանել: «Հայաստանն առանց այն էլ «Բաքու-Ջեյհան» եւ այլ նավթամուղերի առավելություն ունեցող Ադրբեջանին մեր դաշնակից Իրանի հետ ընդհանուր հետաքրքրությունների նոր դաշտ ունենալու հնարավորություն տվեց», - ընդգծվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Հայաստանն արդեն ոչ միայն չի կարողանում հետապնդել իր սեփական շահը, այլեւ գործելու, մանեւրելու լայն հնարավորություն է տալիս մրցակից երկրներին, նոր խաղաքարտեր է տալիս նրանց, որոնց մի մասն օգտագործվելու է իր դեմ... Ռուսաստան-Հայաստան-Իրան «աշխարհքաղաքական առանցքի» մասին ճամարտակող մեր քաղաքական էլիտան, գազամուղի կառուցման պայմանավորվածությունների ձեռքբերման ընթացքում, առաջին անգամ հայտնվեց Իրան-Ռուսաստան հակասությունների կիզակետում, եւ այդ հակասությունների մեջ տեղի տվեց Ռուսաստանի ճնշումներին», - ձեւակերպել է մեկնաբանը:

«2007 թ. Թուրքիան կդառնա ԵԱՀԿ-ում նախագահող երկիր: Հայաստանն արդեն հայտարարել է, որ «վետո» է դնելու, քանի որ ԵԱՀԿ նախագահող երկիրը կազմակերպության բոլոր անդամների հետ պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ: Անկասկած, Երեւանը կրկին հրաժարվելու է մինչեւ վերջ գնալուց եւ հրաժարվելու է «վետոյի» գործադրումից», - գրում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Երեւանը Թուրքիայի նկատմամբ «վետոյի» հարցում պետք է լինի անհողդողդ եւ համապատասխան գին ստանալուց հետո միայն չխոչընդոտի ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահությանը: Ընդ որում, այդ գինը չպետք է լինի խոստումների ձեւով, այսինքն՝ Անկարան պետք է նախքան քվեարկությունը Հայաստանի հետ հարաբերություններում կոնկրետ քայլ կատարի... Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը կարող է լինել այն գինը, որի դիմաց Երեւանը հրաժարվի «վետո» դնել ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահությանը», - իր կարծիքն է որոշակիացնում մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG