Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի հանձնակատարը


Հուլիսի 5-ից սկսվել է Եվրահանձնաժողովի կրտսեր հանձնակատար Յանեշ Պոտոչնիկի քառօրյա այցը Հարավային Կովկաս, որտեղ նա հանդիպում է երեք երկրների առաջնորդների հետ՝ խոսելու «Նոր հարեւաններ» ծրագրի շուրջ: Երեւան Պոտոնչիկը կժամանի չորեքշաբթի օրը:

Պոտոչնիկը Եվրամիության նորանդամ երկիր Սլովենիայի ներկայացուցիչ է: Չնայած «Նոր հարեւաններ» ծրագրի ուղղակի պատասխանատուն չէ, բայց ներկայացնում է Եվրահանձնաժողովի տեսակետը: Պոտոչնիկի այս այցն ընդգծելու է Եվրամիության նորոգ հետաքրքրությունը տարածաշրջանի երեք երկրների հանդեպ:

«Հաջորդ քայլն այս երկրների հետ այսպես կոչված՝ «գործողությունների պլան» հաստատելու հնարավորության ուսումնասիրումն է, այս երկրներում բարեփոխումների առաջնահերթությունների հաստատումը», - այցի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում բացատրել է Եվրահանձնաժողովի խոսնակ Ժան Քրիստոֆ Ֆիլորին:

Ֆիլորին ասել է նաեւ, որ Պոտոչնիկը ճշգրիտ մանրամասներ չի հաղորդելու ֆինանսական օգնության մասին: Եվրամիության անդամ երկրները ներկայումս քննարկում եւ դեռեւս չեն հաստատել 2007-֊2013 թվականների, այսինքն՝ հաջորդ բյուջեն:

Բայց Եվրամիության պաշտոնյաներն ասում են, որ Պոտոչնիկը վերահաստատելու է այս կառույցի ցանկությունը՝ առավել գործուն մոտեցում ցուցաբերել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը: Կառույցը հանդես չի գալու որպես միջնորդ, բայց փորձելու է նպաստել փոխզիջումների մերձեցմանը:

Ֆիլորին ասել է, թե նման ռազմավարությունը ամենուր հաջողությամբ է պսակվել եւ բերել է Ռումինիայի եւ Հունգարիայի օրինակը՝ Հունգարիայի ազգային փոքրամասնության խնդրի լուծման առիթով:

Եվրահանձնաժողովի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ ասել է, որ Եվրամիությունը դժվար թե մոտ ապագայում քննարկի իր ընդարձակումն այնպիսի երկրների անդամակցման կոնտեքստում, որպիսիք են Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը:

«Մենք երբեք չենք կարող ասել երբեք, իհարկե, դեռ կտեսնենք ինչպես կլինի», - այդուհանդերձ ավելացրել է նա:

Եվրամիությունը հստակորեն ցույց է տվել, որ երեք երկրների հետ իր հարաբերությունները խորացնելու է՝ ելնելով առանձին երկրների ձեռքբերումների չափանիշներից: Մինչ օրս ակնհայտ առաջատարը Վրաստանն է:


Ահթո Լոբյակաս, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG