Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. Թուրքիան չի կարող չեզոք եւ անկողմնակալ միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հարցում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հերքեց մամուլում հայտնված պնդումները, թե Ստամբուլում երեկ ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում հետեւել կիպրոսյան կարգավորման օրինակին, կամ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշիչ դեր վերապահել Թուրքիային:

«Կիպրոսի մասին, այո, խոսք եղել է. բայց ոչ թե Կիպրոսի տարբերակ են առաջարկել», - պարզաբանեց նախարարը: - «Խոսք է գնացել Թուրքիայի դերի մասին մեր տարածաշրջանում, բայց ոչ կոնկրետ Ղարաբաղի հարցում որպես միջնորդի»:

Եռակողմն հանդիպումը, ըստ Օսկանյանի, չի նշանակում, որ Հայաստանը համաձայնել է պաշտոնական Անկարային ղարաբաղյան կարգավորման հարցում որպես միջնորդ դիտարկել: Ըստ Հայաստանի արտգործնախարարի, նման միջնորդության անհեռանկար լինելը հասկանում են նաեւ Թուրքիայում:

«Եվ Թուրքիան դա շատ լավ հասկանում է, որ չի կարող միջնորդի դերում հանդես գալ, որովհետեւ նրա բացահայտ հայտարարված քաղաքականությունը կողմնակալ քաղաքականություն է եւ թեքված է դեպի ադրբեջանական դիրքորոշումը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: - «Այնպես որ, բոլորս լավ գիտակցում ենք, որ Թուրքիան չի կարող չեզոք եւ անկողմնակալ միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հարցում»:

Ասուլիսի ընթացքում Վարդան Օսկանյանին ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին, ինչն օրինաչափ էր՝ վերջին երկու օրերի ընթացքում Օսկանյանը հասցրեց հանդիպել թե' Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլին, թե' կարճատեւ զրույց ունենալ Թուրքիայի վարչապետ էրդողանի հետ: Վերջին պարագայում հանդիպումը պաշտոնական չէր:

«Նախօրոք պայմանավորված հանդիպում չի եղել», - ասաց Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ 10 րեպո տեւած հանդիպումը «շատ հետաքրքրական էր». - «[Էրդողանը] վերահաստատեց իսկապես իմ պատկերացումը, որը ձեւավորվել էր Գյուլի հետ հանդիպումներից, որ թուրքական կողմից իսկապես կա ցանկություն Հայաստանի հետ հարաբերություններում տեղաշարժ արձանագրելու»:

Վարդան Օսկանյանը համոզված է, որ Թուրքիան այսօր իրոք լրջորեն ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, սակայն նա նաեւ արձանագրում է, որ պահը դեռ չի հասունացել:

Օսկանյանը չշրջանցեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շաբաթներին արձանագրված փոխհրաձգության դեպքերը՝ ասելով, թե իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին անգամ այս հարցը քննարկել է Պրահայում:

«Պարտավորություն էինք վերցրել վերադառնալ եւ պաշտպանության նախարարներին մեր քննարկումների մասին տեղակ պահել, եւ, ինչպես այնտեղ մեզ կոչ արվեց, այդ կոչը ուղղակի փոխանցել պաշտպանության նախարարներին՝ առ այն, որ միգուցե լավ կլինի, ինչպես նախկինում նրանք հանդիպել են, այս մոտ օրերին նրանք նույնպես հանդիպեն ու ուղղակի այդ խնդիրը երկուստեք կարգավորեն», - ասաց արտգործնախարարը:

Իսկ Ստամբուլի գագաթաժողվի գլխավոր արդյուքը, ըստ Օսկանյանի, այն է, որ ՆԱՏՕ-ն առաջին անգամ իր պատմության մեջ լրջորեն ուժադրություն է դարձնում հատկապես կովկասյան տարածաշրջանին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG