Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ին բջջային կապի մենաշնորհից զրկելու հարցը հարցականի տակ չի դրվել


Ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով անցած շաբաթ Լոնդոնում ներկայացրել է կառավարությունը հունական OTE-ի եւ «ԱրմենՏել»-ի հետ բանակցություններում, «ԱրմենՏել»-ին բջջային կապի մենաշնորհից զրկելու մասին որոշումը, որի կատարումը սառեցված է մինչեւ սեպտեմբերի վերջը, անկախ բանակցությունների արդյունքներից, կատարվելու է:

«Կառավարության կողմից երկրորդ բջջային կապի օպերատորի մուտքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա հարցականի տակ չի դրվել եւ չի դրվելու բանակցությունների ժամանակ», - երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարարը: - «Դա լինելու է բանակցությունների հիմնական պայմաններից մեկը»:

Նախարարի խոսքերով, կառավարության որոշման սառեցման ժամկետը սեպտեմբերին այլեւս չի հետաձգվի: «Կարծում եմ, որ ժամկետը ողջամիտ ժամկետ է՝ մինչեւ սեպտեմբերի 28-ը: Մենք գրեթե երեք ամիս ունենք բանակցելու համար, ուստիեւ, ամենայն հավանականությամբ՝ կամ մենք արդյունքի կհանգենք, ինչը մենք ենթադրում ենք, իսկ եթե չհանգենք՝ ապա արբիտրաժային գործընթացը իր հունով շարունակվում է զուգահեռաբար»:

Արդարադատության նախարարի փոխանցմամբ, իրենք կարողացել են «ԱրմենՏել»-ի նոր ղեկավարության հետ «կառուցողական երկխոսություն» ծավալել, ինչը, սակայն, կողմերին չի խանգարում այսօր էլ խոսել Լոնդոնի արբիտրաժային դատարանում ընթացող գործընթացի մասին. եթե մինչեւ սեպտեմբեր կողմերը կարողանան համաձայնության գալ, հայցերը հետ կկանչվեն, չկարողանան՝ կհանդիպեն արդեն ոչ թե Երեւանում, այլ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:

«Արբիտրաժային գործընթացը չի դադարեցվում: Այն շարունակվելու է եւ շարունակվելու է իր սովորական հունով», - ասաց Հարությունյանը: - «Այդ գործընթացը կարող է դադարեցվել միմիայն, եթե կառավարության, «ԱրմենՏել»-ի եւ OTE-ի բանակցությունները հաջողությամբ պսակվեն»:

Վերադառնալով բջջային կապի երկրրոդ օպերատորի խնդրին՝ Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ կառավարությունն ամեն ինչ անելու է որպեսզի «ԱրմենՏել»-ի եւ նոր շուկա մուտք գործելիք ընկերության միջեւ բախումներ չլինեն:

Հունական կողմին Հայաստանի կառավարության ներկայացվող պահանջները, նախարարի խոսքերով, չեն սահմանափակվում միայն բջջային կապով: Բանակցություններում բարձրացվելու են գյուղական որոշ վայրերը հեռախոսակապով ապահովելուն, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի խախտումներին, րոպեավճարին, ինտերնետային կապին առնչվող մի շարք հարցեր:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG