Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 26-ը հունիսի)

«Այսօր շատ են խոսում այլընտրանքից. ո՞րն է կեղծիքի, ստի, հարմարվողականության այլընտրանքը։ Այլընտրանքն արժանապատվությունն է ու արդարությունը», - «Հայկական ժամանակ» թերթում բանաձեւել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Իսկ փոփոխությունները կլինեն այնքան արագ, որքան ակտիվ է հասարակությունը»: «Երբ ինչ-որ ֆորմատում գործող քաղաքական դեմքեր անընդհատ խոսում են քաղաքական ֆորմատների փոփոխման անհրաժեշտության եւ վերադասավորումների մասին՝ դա ինձ համար ընդունելի չէ», - արձագանքում է Ստեփան Դեմիրճյանը: - «Դաշինքի օրակարգում նոր ֆորմատների ձեւավորման հարց չկա, եւ հարցն ընդհանրապես ֆորմատների մեջ չէ... Պայքարողը պայքարում է... Հարթակը սեփականաշնորհված չէ: Իսկ եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխանությունը փողոցում գցած է՝ թող գնան եւ վերցնեն»։

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի պատկերավորմամբ, արմատականները «փրփուրը բերաններին ու շինծու պաթոսով նետվել են նսեմացնելու նախագահի ելույթի թողած դրական տպավորությունը»։ Այստեղ նաեւ ձեւակերպված է. - «Նախագահը փորձեց Եվրախորհրդի պարանից հավաքել հայրենի ընդդիմադիրների կողմից այնտեղ կախած «կեղտոտ սպիտակեղենը» եւ իր ելույթում, կարելի է ասել, ինչ-որ տեղ նույնիսկ մեղմ արտահայտվեց այս կոդլի հասցեին»:

«Առավոտ» թերթի առաջին էջին այսօր ընդգծվում է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ԵԽ ԽՎ զեկուցող, արդեն Եվրախորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Հայաստանի նախագահի՝ ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթի հաջորդ օրն իսկ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին ելույթ է ունեցել Քաղաքական կոմիտեի նիստում: Եվս մեկ անգամ հաստատել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացման փաստը եւ՝ արձագանքելով Քոչարյանի ելույթին հիշեցրել, որ «համաշխարհային հանրությունն ի դեմս ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին ճանաչել է ներկա սահմանների շրջանակներում, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»: «Ընդհանրապես, մեր սիրելի ու մշտական զբաղմունքն է միֆերի ստեղծումը, որոնք փոխարինում են իրական կյանքն իր իրական խնդիրներով», - անդրադառնում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Անցյալ շաբաթ էլ մենք ականատես եղանք մի քանի միֆերի արագ ծնունդին ու պայթյունին: Պարարտ հող ունեն մասնավորապես միֆերը Եվրախորհուրդ - Հայաստան հարաբերությունների դաշտում, եւ դրանք էլ վերջին օրերին բուռն շահագործվեցին, հատկապես Ստրասբուրգում նախագահ Քոչարյանի ելույթից հետո՝ մեծ մասամբ սրընթաց մարեցին»: Մեկնաբանն անցած շաբաթվի միֆերի շարքին է դասում եւ հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման մասին լուրերը՝ դրանք որակելով «ի սկզբանի ձախողված, միամիտների ու օտարերկրյա բարի կամեցողների համար հորինվածք»:

«Ստրասբուրգյան իր ելույթում նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության ենթարկեց Թուրքիային սահմանը փակ պահելու համար։ Իսկ մեզ թվում է, որ Թուրքիան դրանով, հակառակը, հայապահպան քաղաքականություն է վարում», - արձագանքում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Որովհետեւ թուրքերը սկզբունքային հետեւողականությամբ թույլ չեն տալիս եւ արգելում են մեզ մոռանալ, թե մենք ով ենք։ Եթե Թուրքիան այդքան սկզբունքային եւ հետեւողական չլիներ, այլ լիներ, ասենք, այնքան նենգ ու խորամանկ, ինչպիսին երբեմն պատկերացնում ենք իրեն, ապա կմեղմացներ իր կարծրությունն ու կբացեր սահմանը։ Նույնիսկ առժամանակ մոռանալով Ղարաբաղը։ Հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել», - ուրվագծում է «Հայոց աշխարհ»-ը։ - «Հնարավոր է, որ թե աշխարհի, թե ինքներս մեր աչքում խաղք դառած, ստիպված լինեինք արձանագրել, թե հայերն այս աննորմալ երկիր Հայաստանից արտագաղթում են դեպի ավելի նորմալ երկիր Թուրքիա։ Իսկ թուրքերը տասնյակ բարի նպատակներով հազարներով այցելում են Հայաստան։ Գործ են հիմնում, տուն են առնում։ Եւ կպրծներ մի հիսուն տարում Հայաստանն էլ, Հայկական հարցն էլ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG