Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի սեպտեմբերին


Սեպտեմբերի երկրորդ կեսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին: Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, առաջիկա այցի հետ կապված հարցերը քննարկվել են Թեհրանում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայ-իրանական տնտեսական կապերի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազիի հետ հանդիպման ժամանակ:

Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախագահ Խաթամիի այցի ընթացքում նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

«Կան մոտ 8 փաստաթղթեր, որոնք կստորագրվեն տարբեր նախարարների կողմից», - ասաց դեսպանը: - «Հստակ տնտեսական ծրագրերը շատ արագ արդյունքներ կտան»:

Հայ-իրանական ամենախոշոր տնտեսական ծրագրի՝ Իրան - Հայաստան գազատարի շինարարությունը սկսելու մասին պայմանագիրը, որով նախատեսվում էր շինարարությունը սկսել 6 ամիս հետո, ստորագրվել է անցած ամիս Երեւանում: Գեղամ Ղարիբջանյանի փոխանցմամբ, Արտաշես Թումանյանի այցի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի շուտ սկսել 140 կիլոմետրանոց խողովակաշարի շինարարությունը, որով բնական գազ կմատակարարվի Հայաստան արդեն 2007 թվականին:

Խաթամիի այցի ընթացքում ստորագրվելիք միջկառավարական փաստաթղթերի մեծ մասը տնտեսական բնույթի է: Նախատեսվում է ստորագրել Քաջարանի թունելի շինարարության եւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու մասին համաձայնագրերը:

Գեղամ Ղարիբջանյանի փոխանցմամբ, Քաջարանի թունելի շինարարության նախագծային աշխատանքները, տեխնիկատնտեսական հիմնավորումները արդեն պատրաստ են: Թունելը շինարարության համար անհրաժեշտ շուրջ 40 միլիոն դոլարի մեծ մասը տրամադրելու է իրանական կողմը:


Արաքս գետի վրա կառուցվելիք երկու հիդրոկայանների (մեկական հայկական եւ իրանական ափին) շինարարությունը սկսելու համար երկրաբանական ուսումնասիրությունները արդեն սկսվել են:

Նախագահ Խաթամիի այցելության ժամանակ նախատեսվում է ստորագրել նաեւ իրավական ոլորտին՝ էքստրադիցիային վերաբերող, ինչպես նաեւ մաքսային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG