Ենթահանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օժանդակության հատկացումը պետք է հիմնված լինի հավասարության սկզբունքի վրա՝ հակառակ Բուշի վարչակազմի ծրագրերի, որ նախատեսում էին նախորդ տարվա պես Ադրբեջանին հատկացվել 6 միլիոն դոլարով ավելի ռազմական օժանդակություն:
«Անցյալ տարի օրենքը փոքր-ինչ ի շահ Ադրբեջանի էր՝ 8 միլիոն Ադրբեջանը ստացավ, եւ Հայաստանը՝ 2 միլիոն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի Լոս Անջելեսի գրասենյակի պատասխանատու Լենա Կաիմյանը: - «Այս տարի երեկվա փոփոխությամբ հավասարակշռություն պիտի լինի: Անցյալ տարի մեր ընկերներն էլ Կոնգրեսում չգիտեին եւ անակնկալ եղավ: Այս տարի մենք նախօրոք իմացանք, որ այդպիսի շարժում պիտի լինի եւ մենք սկզբից եւեթ լոբբի արեցինք»:
Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալական խոսքեր է հղում հատկապես Ներկայացուցիչների տան Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի նախագահ Ջո Նոլլենբերգին՝ այս հարցում իրականացրած կարեւոր դերակատարության համար:
Օրենք դառնալու համար որոշումը պետք է քննարկվի Ներկայացուցիչների տան հանձնաժողովում, այնուհետեւ հաստատվի Ներկայացուցիչների տան եւ Սենատի կողմից: Լենա Կաիմյանը լիահույս է, որ ենթահանձնաժողովի որոշումը նույն տեսքով կդառնա օրենք:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես