Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. Փուլային եւ փաթեթային տարբերակները հնարավոր է համատեղել


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խիմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց, թե հավատում է, որ կարելի է համատեղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փուլային եւ փաթեթային տարբերակները երրորդ՝ կողմերի համար ընդունելի տարբերակում:

«Ես այդ մասին ասել եմ դեռ անցած տարի սեպտեմբերին, երբ տարածաշրջանում էի ճանաչողական այցով: Այսօր համանախագահները փորձում են այնպիսի առաջարկ անել, որը բառացիորեն թույլ կտա համատեղել անհամատեղելին՝ փաթեթային եւ փուլային տարբերակները: Իմ կարծիքով, նման հնարավորություն կա», - ասաց նա՝ ավելացնելով. - «Բայց մինչ այսօր այդ հարցը անհաղթահարելի խոչընդոտ էր: Այսինքն՝ ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի նախ եւ առաջ վերադարձվեն այսպես ասած օկուպացված տարածքները, իսկ հայաստանյան կողմը պահանջում է, որպեսզի նախ լուծվի Լեռնային Ղարաբաղի դե-յուրե կարգավիճակի հարցը»:

Ռուսաստանցի դիվանագետը լավատեսորեն է տրամադրված. նա գտնում է, որ այդ փակուղային թվացող իրավիճակից ելք, այնուամենայնիվ, կա: «Եթե ես չհավատայի նման տարբերակի կենսունակությանը, անիմաստ կլինի այն ամենը, ինչով մենք զբաղվում ենք: Ինձ թվում է, որ կողմերի բարի կամքի դրսեւորման դեպքում հնարավոր է գտնել դիրքորոշումների այդ հակասության կամ անհամատեղելիության հանգուցալուծումը»:

Մերզլյակովը շեշտեց, սակայն, որ խնդրի կարգավորումը կշարունակի մնալ փակուղում, եթե կողմերը չգնան փուլային եւ փաթեթային տարբերակները համատեղելու ճանապարհով:

Անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող ռազմաշունչ կոչերին, Յուրի Մերզլյակովը ասաց, որ դրանք, «անշուշտ, չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG