Մատչելիության հղումներ

Բաքվի կոնֆերանսին մասնակցած հայ սպաները Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարությունից, երեկ Բաքվում ավարտված ՆԱՏՕ-ի կոնֆերանսի հայ մասնակիցները՝ գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ ավագ սպա Արամ Հարությունյանը, հինգշաբթի առավոտյան Ադրբեջանի մայրաքաղաքից անվնաս հասել են Թբիլիսի եւ արդեն ավտոմեքենայով ուղեւորվել են Երեւան:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք աշնանը Ադրբեջանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսի աշխատանքները խանգարելու փորձեր էին ձեռնարկել ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության»: Բողոքելով հայ սպաների՝ Ադրբեջան ժամանելու դեմ՝ նրանք ներխուժել էին «Եվրոպա» հյուրանոցի նախասրահ, սակայն դուրս էին մղվել իրավապահների կողմից:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ նախապես հայկական կողմը պահանջել էր, որ Բաքվում հայ սպաների անվտանգությունը ապահովի Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության անվտանգության ծառայությունը:

«Սակայն ադրբեջանական կողմի խնդրանքից հետո մենք համաձայնել ենք, որ մեր սպաների անվանգությունը [իրենց վրա] վերցնեն Ադրբեջանի անվտանգության մարմինները», - ասաց Աղաբեկյանը:

Նրա խոսքերով, հայկական պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել կոնֆերանսի աշխատանքներին:

«Մեզ հատկացվել են կոնկրետ պաշտոններ, եւ այդ պաշտոններով մենք կմասնակցենք բուն զորավարժությանը», - ասաց Արթուր Աղաբեկյանը՝ ավելացնելով, որ Հայաստանին հատկացվել է նվազագույնը 5 սպայական տեղ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG