Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դատելով ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերից՝ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը, դրվելու է խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը», - գրում է այսօր «Առավոտ» թերթը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, այդ բոյկոտից «օգուտ չունի ո՛չ ընտրողը, ո՛չ մեր պետությունը». - «Միայն ժողովրդավարության ջատագովներն են, իրավիճակը վկայակոչելով, պարբերաբար հիշեցնում, որ մեր երկրում ժողովրդավարական արժեքների հետ կապված խնդիրներ կան, քանի որ ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Սակայն անհանգստացած են նաեւ մեր՝ ոչ այնքան ժողովրդավար իշխանությունները, որոնք չեն կարող աշխարհին ցուցադրել, թե որքան հարգի է բազմակարծությունը մեզ մոտ... Ահա՛ ինչու էին իշխանությունները ջերմեռանդորեն ընդդիմությանը խորհրդարան հրավիրում»: «Այսպիսով, եթե ընդդիմությունն ուզում էր իր բացակայությամբ հայաստանյան ոչ օրինական ընտրությունների խնդիրը օրակարգի մեջ պահել, նա իր նպատակին հասել է: Ինչպես ասում են՝ մավրը արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ», - ձեւակերպում է «Առավոտ»-ը: - «Եվ ամենեւին էլ պարտադիր չէ սպասել, որ քեզ խնդրեն հեռանալ կանոնակարգով»:

«Կարծում եմ, սխալ չէր լինի, որ իշխանությունը եւս մեկ անգամ նախաձեռներ երկխոսություն»,- «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: - «Հանգեինք նրան, որ, ի վերջո, իշխանությունն ու ընդդիմությունը կլոր սեղանի շուրջ բանակցությունների եւ ոչ թե շարունակական հակադրության պայմաններում փորձեն լուծել խնդիրները: Այսինքն՝ իշխանությունը չպիտի գործի այն տրամաբանությունից ելնելով, որ ընդդիմությանը ամեն կերպ աշխատի մղել լուսանցք»: Իշխանությունը, Գագիկ Մելիքյանի կարծիքով, «երբեք այնքան անիրատես ու ինքնասիրահարված չի եղել, որ ժխտեր սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, այլ բացասական դրսեւորումների առկայությունը պետական համակարգում, մեր ամենօրյա կյանքում առհասարակ»: «Հենց սա էլ համագործակցության դաշտ է, ուր ոչ ոք չի խանգարում ընդդիմությանը առաջարկներ ու ծրագրեր ներկայացնել», - ասում է նա: - «Եթե ընդդիմությունն ուզում է, որ հերթական ընտրություններն անցնեն առանց ցնցումների, պետք է ակտիվորան մասնակցի Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության բարեփոխմանը... Ընդդիմության բացակայության պայմաններում օրենսդրական աշխատանքի որակը ինչ-որ տեղ տուժում է»:

«Հայկական ժամանակ» թերթի արձանագրմամբ՝ չնայած ուղիղ մեկ տարի եւ տասն օր է արդեն, որ ՀՅԴ-ն, լինելով կոալիցիայի մաս, իշխանություն է, սակայն շարունակում է ավանդական դաշնակցական՝ «իշխանություն ըլլալով, իշխանությունը կքննադատենք» գործելաոճը։ «Այն, որ Դաշնակցությունը որեւէ առիթ բաց չի թողնում իրեն գործող իշխանությունից սահմանազատելու՝ դա ակներեւ է։ Եվ իր այդ ճիգերում երբեմն, անկախ իրենից, նաեւ լուրջ խոստովանություններ է անում», - մատնանշում է «Հայկական ժամանակ»-ը։ - «Մասնավորապես, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակի» վերջին համարում, որտեղ ամփոփված են այս տարվա փետրվարին կայացած ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի որոշումները, թվարկելով պետական համակարգի եւ օրենսդրության անկատարությունները, ՀՅԴ-ն խոստովանում է, որ նման պայմաններում ընտրությունները կշարունակեն ընթանալ խախտումներով եւ արդյունքում չեն արտահայտի ժողովրդի իրական կամքը»։

«Հայոց աշխարհ» թերթի տեսաբանի հայացքով, վերջին ամիսների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաճախակի դարձած հանդիպումները վկայում են, որ միջնորդ կողմերի եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգների հետեւողական ջանքերի շնորհիվ փորձ է արվում տեղից շարժել բանակցային գործընթացը՝ նախապատրաստելով կարգավորման նոր տարբերակ, որը կլինի նախկին փուլային եւ փաթեթային լուծումների յուրահատուկ զուգակցումը: «Ակնհայտ է, որ առավել բարդ հարցերի լուծումը հետաձգվելու է մինչեւ այն պահը, երբ կձեւավորվի «միջանկյալ տարբերակի» ընդհանուր հիմնակմախքը», - նշում է տեսաբանը: - «Նախապատրաստվող նոր համաձայնագրի «պրեզենտացիային» պետք է սպասել միայն աշնանը: Իսկ ինչ-որ պահի, երբ այդ փոխադարձաբար ընդունելի կետերը կսպառվեն, միջնորդ կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, կփորձեն ասել իրենց խոսքը նախապատրաստվող նոր տարբերակի վերաբերյալ»: Որպես ամփոփում՝ «Հայոց աշխարհ»-ում ընդգծված է. - «Տարածաշրջանում եւ ողջ աշխարհում ձեւավորվում է մի այնպիսի կացություն, որ միջնորդներն իրենք հանդես կգան միասնական դիրքերից: Համենայն դեպս, նրանցից մեկը՝ ԱՄՆ-ը, բանակցությունների սեղանին կդնի իր ազդեցության ողջ կշիռը: Ուրեմն հարցը հանգում է նրան, թե այս անգամ ո՞վ ավելի ճկուն կլինի եւ ո՞վ առաջինը կսայթաքի՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը, եւ ի՞նչ հետեւանքներ կունենա այդ ամենը տվյալ երկրի համար»:

«Ադրբեջանում պետական մակարդակի բարձրացված հայատյացության մթնոլորտը չի հանդուրժում անգամ Հայաստանի պաշտպանության նախարարության երկու սպաների ներկայությունը կոնֆերանսին», - անդրադառնում է այսօր «Ազգ» թերթը: - «Զարմանալի է, անգամ՝ հեգնական, որ մի քանի տասնյակ ծայրահեղականների, որոնք երեկ առավոտից հակահայ պաստառներով շրջափակել էին «Եվրոպա» հյուրանոցը, հաջողվել է «հաղթահարել» Ադրբեջանի իրավապահ մարմինների «դիմադրությունը»: Մինչդեռ», - համադրում է մեկնաբանը, - «երբ Բաքվում ցույց են կազմակերպում ընդդիմության ներկայացուցիչները, իրավապահ մարմիններին հաջողվում է հենց փողոցում մահակներով ջարդուփշուր անել եւ միանգամից ձերբակալել հազարավոր ցուցարարների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG