Մատչելիության հղումներ

Ներում է շնորհվել զինծառայությունից խուսափած 120 քաղաքացու


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը փոխանցեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, արդեն 120 անձ, ովքեր ժամանակից խուսափել էին զինծառայությունից, օգտվել է անցած մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքի ընձեռած հնարավորությունից եւ, որոշակի գումար մուծելով պաշտպանության նախարարության հատուկ հաշվին, ներման է արժանացել եւ հաշվառվել պահեստազորում:

Ըստ նշված օրենքի, այդ հնարավորությունը տրվում է մինչեւ օրենքի ընդունումը 27 տարին լրացած անձանց: Օրենքի հեղինակների կանխատեսումներով, առնվազն հինգ հազար քաղաքացի կա այս կատեգորիայում: Սահմանված կարգով՝ որոշակի գումար պետք է մուծվի յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար: Առավելագույն վճարումը 1,8 միլիոն դրամ է: Կան մարդիկ, օրինակ, 3 եւ ավելի երեխա ունեցողները, ովքեր ազատված են դրամական վճարումներից:

Պաշտպանության նախարարության հատուկ հաշվին արված վճարումները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը, հունիսի սկզբին կազմել են 40 միլիոն դրամ:

Դիմումները ներկայացվում են տեղական զինվորական կոմիսարիատներ, իսկ վերջնական որոշումը ընդունում է հանրապետական հանձնաժողովը, որը գլխավորում է պաշտպանության նախարարը, ինչը հիմք է տալիս Սեդրակյանին պնդելու, որ կոռուպցիայի դրսեւորումների մասին մտածելն անգամ «անհեթեթ» է:

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Կրոնական նկատառումներով զենք կրելուց խուսափողները, օրինակ, առաջիկա աշնանային զորակոչի համար՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը, կարող են դիմել են զինվորական կոմիսարիատներ՝ զինված ուժերում այլընտրաքային երեք տարվա ծառայության կամ այլընտրանքային աշխատանքային 3,5 տարվա ծառայության իրավունք ստանալու համար:

Պատասխանելով առաջիկա զորակոչի համար ներկայացվելիք դիմումների ենթադրվող քանակին վերաբերող հարցին, Սեդրակ Սեդրակյանը ասաց. - «Մենք կարծում ենք, որ կլինի որոշակի թիվ, որը էական չի լինի զինված ուժերի համար»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG