Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 19-ը հունիսի)


«Ժողովրդավարության համար պայքարի ելած «մարտնչող ժողովրդավարների» խմբեր ստեղծելու Արշակ Սադոյանի գաղափարն այնքան էլ թարմ չէ», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Մարդկությունն իր պատմության ընթացքում այնքան է տեսել տարբեր գաղափարների համար պայքարող ամեն կարգի «մարտնչողների», որ հիանալի պատկերացնում է, թե ինչով է ավարտվում այդ ամենը... Առհասարակ, այն, ինչ հաստատվում է ուժով, այդ թվում՝ ժողովրդավարությունը, անխուսափելիորեն վեր է ածվում տեռորի: Ամենատխուրն այն է, որ նման գաղափարը շատ գայթակղիչ է: Թվում է՝ ահա՛ ամենաճիշտ ուղին. թող ժողովուրդը բաժանվի խմբերի ու գնա պայքարելու հանուն ժողովրդավարության, ջարդի կաշառակերի կամ չինովնիկի մռութը, կամ էլ ֆիզիկական հաշվեհարդար տեսնի անարդար դատավորների հետ»: «Սակայն», - եզրափակում է «Առավոտ»-ը, - «հանուն ժողովրդավարության, ինչպես եւ սոցիալիզմի, կոմունիզմի կամ այլ իզմերի, ոչ թե պետք է մարտնչել, այլ դրանք պետք է հաստատել՝ ձեւավորելով իր իրավունքների համար պայքարող եւ իշխանություններին վերահսկելու ունակ ակտիվ քաղաքացիական հասարակություն»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Կա լարվածություն, որն ընտրություններից հետո չի պարպվել, քանի որ փոխանակ ընդդիմությունը եւ իշխանությունները փորձեին միջոցներ գտնել այդ դժգոհությունը պարպելու եւ ժողովրդին ասելու, որ չկայացած ակնկալիքները հնարավոր է լուծել եւ արդյունքը ստանալ միայն հաջորդ ընտրությունների ժամանակ, փորձեցինք այդ դժգոհությունը արհեստականորեն ակտիվացնել։ Ընդդիմության գործողություններն այսօր փաստորեն որպես գործողություն, սառեցված են, բայց ես չեմ գտնում, որ վերացել է այն բուն պատճառը, որի հետեւանքով եղավ այս ամենը»: «Հայկական ժամանակ» թերթում բերվող հարցարզույցում էլ վարչապետը, արձագանքելով հիշեցմանը, որ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ եթե երկրում գործընթացները զարգացում չապրեն, ապա մեզ սպառնում է գերեզմանային կայունություն, հակադարձում է. - «Եթե այդ որակումը վերաբերում է տնտեսության աճին, ապա ես դրան համաձայն չեմ: Եթե վերաբերում է քաղաքական ակտիվությանը՝ դարձյալ համաձայն չեմ: Իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, թող իրենք իրենց կադրերին շաբաթը մեկ փոխեն»: «Ձեզ, որպես կառավարության ղեկավարի, չի՞ մտահոգում մշակույթի նորանշանակ նախարար Հովիկ Հովեյանի՝ մամուլի հետ շփվելու փողոցային լեքսիկոնը» հարցին Անդրանիկ Մարգարյանը պատասխանում է. - «Կապ չունի, թե մարդը որտեղ է աշխատում: Որտեղ էլ աշխատի՝ պետք է որոշակի բարոյական սկզբունքներ եւ դաստիարակություն ունենա: Ես, իհարկե, անընդունելի եմ համարում նման ոճը, բայց եւ կարծում եմ, որ կուսակցությունը եւս պետք է մտածի, թե ինչպիսի կադրեր է տրամադրում կառավարությանը»:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում շեշտադրում է. - «Ոչ մի արտահերթ ընտրություն չի կարող լինել։ Բայց կուսակցությունները հանգիստ չեն թողնում ժողովրդին եւ ամեն մեկը նախօրոք ուզում է բազմապատկել իր աջակիցների ու համակիրների թիվը՝ հասարակությանը մշտապես պահելով լարված վիճակում։ Չի կարելի նախարարական կամ պետական այլ պաշտոնի դիմաց պահանջել, որ անհատը անդամագրվի կուսակցությանը։ Ժողովրդի նման կուսակցականացումը, քաղաքականացումը կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ»։

«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված քաղաքական ակտիվացումն ի վերջո հանգեցրեց ներքաղաքական ապատիայի: Այդ իրավիճակը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. իշխանությունը չի ցանկանում, ընդդիմությունը չի կարողանում», - խտացնում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ընդգծելով. - «Հատկապես այսօր շատ կարեւոր է՝ հարցն իշխանափոխության լինել-չլինելու պրիմիտիվ հարթությունից տեղափոխել բոլորովին այլ հարթություն... Ի վերջո ժողովուրդը դժգոհ է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից շատ պարզ մի պատճառով. Քոչարյանի վարչակազմը, որպես պետության կառավարիչ, չի կարողացել պետությունն իրապես դնել իր բուն ֆունկցիայի մեջ եւ կիրառել որպես քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովման մեխանիզմ»: Այս առումով՝ պետության ինքնապահպանության բնազդը մարդկանց ստիպում է օրակարգային դարձնել ոչ միայն անհեռանկար իշխանությունից ազատվելու, այլեւ հեռանկարային իշխանություն ձեւավորելու խնդիրը: «Այլապես պատկերացրեք, թե ինչ կլինի մեր պետության հետ, եթե Քոչարյանի իշխանությունը տապալվի, իսկ նոր իշխանություն ձեւավորելու ռեսուրս այդպես էլ չգտնվի: Ակնհայտ է, որ քաոսն անխուսափելի կդառնա: Այնպես որ», - եզրափակվում է «Հայկական ժամանակ»-ում, - «Իշխանության համար մրցույթը ՀՀ քաղաքացիների կողմից հայտարարվել է եւ ավարտվելու է այն ժամանակ, երբ ի վերջո որեւէ քաղաքական ուժ կկարողանա ՀՀ քաղաքացիներին համոզել, որ ինքն ի վիճակի է պետությունը վերածելու քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության գործուն մեխանիզմի... Քաղաքական վերափոխումները Հայաստանում անխուսափելի են, որովհետեւ պետությունը չի կարող երկար հանդուրժել ինքնաոչնչացման մեխանիզմի աշխատանքը»:


Վահան Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG