Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտոնյաները հերքում են, թե քննարկվել է տարածքների վերադարձման հարց


Ուրբաթ օրը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները հերքեցին, թե Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը իր վերջին այցի ընթացքում ոչ պատշոնապես առաջարկել է որպես բարի կամքի դրսեւորում Ադրբեջանին հանձնել Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող երեք տարածք եւ թե դրա շուրջ քննարկում է տեղի ունեցել Հայաստանի նախագահի հետ:

Մաննի այցից հետո (ընթացիկ ամսվա սկզբին) ակտիվորեն շրջանառվող այդ տեղեկությունները «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցներում հերքեցին Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահը:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց, որ այդ տեղեկությունները «իրականությանը չեն համապատասխանում»:

«Հանրապետական կուսակցությունը կտրականապես դեմ է այդ հարցի առանձին քննարկմանը», - հայտարարեց վարչապետ, նաեւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: - «Եթե քննարկվի, ապա պիտի քննարկվի անպայման՝ Ղարաբաղի ստատուսի հետ կապված»:

«Քննարկման չեմ մասնակցել եւ չեմ կարծում, որ այդպիսի քննարկումներ ընդհանրապես եղել են», - ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանը՝ հարցին էլ, թե եթե լինեին նման քննարկումներ, ինչպիսին կլիներ իր վերաբերմունքը, պատասխանելով. - «Եթե Ղարաբաղը անլուրջ է համարել 5 շրջանների հետ վերադարձնելը՝ երկաթուղու բացման դիմաց, ինչո՞ւ եք կարծում, որ երեքին կհամաձայնվի»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց նաեւ օրերս Միացյալ Նահանգներ կատարած իր աշխատանքային այցին վերաբերող հարցին՝ ասելով, որ գոհ է արդյունքներից:

«Միացյալ Նահանգների հետ այսօր մեր օրակարգը իրոք շատ ընդգրկուն է դարձել», - ավելացրեց Օսկանյանը: - «Բազմաթիվ հարցերն են քննարկվել: Կարելի է ասել, որ ինչ-որ չափով նոր իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ Հայաստանը ներգրավվել է «Հազարամյակի մարտահրավերներ» նախաձեռնության մեջ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG