Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Կողմերը պետք է բացառեն նման միջադեպերի կրկնությունը»


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, անդրադառնալով անցած շաբաթավերջին հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում երկուստեք զոհերի հանգեցրած զինված ընդհարմանը նշել է, թե «կողմերին ասվել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հրադադարի պահպանումը կարեւոր պայման է»:

«Կողմերը պետք է բացառեն նման միջադեպերի կրկնությունը», - ասել է ռուսասատանցի դիվանագետը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ռամիզ Մելիքովը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է, թե երկու կողմերն էլ կորուստներ ունեցել են, բայց «թշնամին ավելի շատ է տուժել»:

Հրաժարվելով հրապարակել զոհերի մասին տվյալներ՝ ադրբեջանցի զինվորականը ասել է. - «Քանակի մասին մենք չենք խոսում: Քանակն այնքան էլ կարեւոր չէ»:

Մելիքովը պնդել է, թե ադրբեջանական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարը, իսկ երբ «հայկական կողմը խախտում է հրադադարը, ստանում է արժանի պատասխան»:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միքայել Հարությունյանը, սակայն, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում կրկին ասաց, որ հայկական կողմից միայն մեկ զոհ է եղել, վիրավորներ չկան եւ պնդեց, որ հրադադարը առաջինը խախտել է ադրբեջանական կողմը: Նա փոխանցեց նաեւ, որ այս պահին սահմանի այդ հատվածում «համեմատաբար խաղաղ» է:

Պաշտպանության նախարարության ինտերնատային էջում երեկ հրապարակվել է զոհված երիտասարդ սպայի անունը՝ դասակի հրամանատար, լեյտենանտ, 22-ամյա Սամվել Վշտունց:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG