Մատչելիության հղումներ

Արմավիրում սկսվեց դատավարությունը ընդդիմության աջակցի նկատմամբ


Արմավիրում այսօր սկսվել է ընդդիմադիր «Արդարություն. դաշինքին մաս կազմող Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի տարածքային կառույցի ղեկավար Լավրենտի Կիրակոսյանի նկատմամբ դատավարությունը: Նա մեղադրվում է թմրանյութ պահելու համար եւ կարող է դատապարտվել մինչեւ երեք տարվա ազատազրկման:

Կիրակոսյանը, սակայն, ինչպես նաեւ նրա շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանը պնդում են, որ քրեական գործը ամբողջովին շինծու է եւ իրականում Լավրենտի Կիրակոսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ ընդդիմության բողոքի գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար:

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Կիրակոսյանը ձերբակալվել էր Երեւանում ապրիլի 10-ին եւ «զազրախոսելու համար» ենթարկվել էր 10-օրյա վարչական կալանքի: Իսկ ապրիլի 21-ին իրավապահները որոշել էին խուզարկել նրա բնակարանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով եւ հայտնաբերել էին թմրանյութը:

Այսօր դատարանում Վարդան Զուռնաչյանը պնդեց, որ այդ խուզարկությունը կատարվել է օրինականության կոպիտ խախտումներով, որ փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Կիրակոսյանի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ մինչ այդ իր պաշտպանյալը 10 օր կալանքի տակ է եղել:

Իսկ Լավրենտի Կիրակոսյանի կինը՝ Լարիսա Մանուկյանը, ասաց, որ ձերբակալելուց հետո, ոստիկանները իր ամուսնուն երկու բուտերբրոդ են տվել, որոնք ուտելուց հետո վերջինս կորցրել է գիտակցությունը: Լարիսա Մանուկյանը համոզված է, որ թմրանյութը հենց այդ բուդերբրոդներում է եղել:

Դատավարությանը մասնակցելու եկած Կիրակոսյանի համագյուղացիները համոզված են, որ քրեական գործը շինծու է: Քարակերտցիները համոզված են նաեւ, որ Կիրակոսյանի դեմ գործը հարուցվել է մարդկանց վախեցնելու համար:

«Ամեն մի գյուղից 2-3 հոգի ձերբակալում են, որ մարդկանց մեջ վախ գցեն», - ասաց մի տարեց քարակերտցի: - «Դա է նպատակը, թե չէ Լավրենտը ազնիվ մարդ է, բարի մարդ է՝ բոլորին օգնող»:

Դատավարությունը կշարունակվի վաղը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG