Մատչելիության հղումներ

Ղեկավար պաշտոններից հրաժարված կոմունիստները Կոմկուսի ղեկավարությանը մեղադրում են «կոռուպցիա» մեջ


Անցած շաբաթ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի պլենումում ղեկավար պաշտոններից ազատվելու դիմումներ ներկայացրած Սանատրուկ Սահակյանը, Խորեն Սարգսյանը, Նորայր Պետրոսյանը եւ Պավել Գրիգորյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ արդեն շարքային կուսակցականների կարգավիճակով շարունակելու են պայքարը «կուսակցության ընդերքում բույն դրած կոռուպցիայի» դեմ:

Ներկայացնելով «մերկացնող փաստեր» վերջին տասը տարիներին ՀԿԿ ներկուսակցական կյանքից՝ ասուլիսի բանախոսները, մասնավորապես, հայտարարեցին, որ հայաստանյան միացյալ ընդդիմությանը մաս կազմող կուսակցության ներկայիս առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «գաղտնի իշխանահաճո գործողություններ» է կատարում: Խոսքը վերաբերում է անցած մայիսմեկյան ցույցին, որն անցկացնելու համար Թովմասյանը դիմել էր քաղաքապետարան եւ ստացել էր համապատասխան թույլտվություն:

«Մի խոսքով, իշխանությունները դիմել են Ռուբեն Թովմասյանին՝ որ դու պետք է գնաս այս քայլին», - ասուլիսում ասաց Խորեն Սարգսյանը: - «Մութ ձեւով կատարվեց այս գործարքը: Եվ սա ներկայացվեց Յասկերնյային [Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի զեկուցողին], թե՝ տեսեք, ով է ասել, որ մեզ մոտ անարխիա է: Խնդրեմ, մենք թույլատրություն ենք տվել ամենաընդդիմադիր կուսակցությանը»:

Խորեն Սարգսյանը ավելացրեց, որ թեեւ Ռուբեն Թովմասյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, կրակոտ ելույթներ է ունենում, բայց ոչ մի խոսք չի ասում գործող վարչախմբի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դեմ:

Այդուհանդերձ, կուսակցության այլեւս շարքային անդամ Նորայր Պետրոսյանը հայտարարեց, թե կեղծ են կուսակցության պառակտման մասին լուրերը:

«Պառակտման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ պառակտվում է կուսակցությունը այն պահին, երբ որդեգրվում են տրամագծորեն հակառակ կամ ոչ համապատասխան քաղաքական կողմնորոշումներ», - ասաց նա: - «Իսկ այստեղ խոսքը կոռուպցիայի, ծախվածության մասին է, կուսակցության հեղինակությունը աճուրդի հանելու մասին է»:

Կոմկուսի նորընտիր երկրորդ քարտուղար Ֆրունզե Խառատյանը նույնպես պնդեց, որ պառակտման մասին խոսք լինել չի կարող, որ կուսակցությունում այսօր էլ «մթնոլորտը առողջ է»:

«Այդ չորսը ինչ-որ կարիերիստական նկատառումներով փորձում էին անվստահություն հայտնել կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խառատյանը՝ ավելացնելով, որ նրանք «լավ կոմունիստներ» չեն: - «Եթե նրանք լավ կոմունիստ լինեին, պլենումի որոշումից հետո այդպիսի միջոցների չէին դիմի՝ մամուլի ասուլիս հրավիրել, դիմել տարբեր ռադիոկայանների»:

Ուշագրավ է, որ վաղվա հանրահավաքին մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին Կոմկուսի ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավար անդամները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG