Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը Միացյալ Նահանգներում քննարկում է Ղարաբաղյան հակամարտությունը


Երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում երկուշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելի, նախագահ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի թիվս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի, քննարկումներում կենտրոնական տեղ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերը լրատվամիջոցներին հայտնել է, որ Քոլին Փաուելն ու Վարդան Օսկանյանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահներից է Միացյալ Նահանգները) միջնորդությամբ անցնող բանակցությունների շրջանակներում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 21-ին Պրահայում կայանալիք հանդիպմանն առնչվող հարցեր, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարելավելու հեռանկարները:

«Այցի ընթացքում նախարար Օսկանյանը հանդիպումներ ունեցավ նաեւ ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ռիկարդելի, ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջոնսի, ԱՄՆ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի գծով օգնականի պաշտոնակատար դեսպան Կոզակի հետ», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Երկուշաբթի օրը Վարդան Օսկանյանը Հայաստանի արտաքին քաղաքականության առջեւ կանգնած խնդիրների եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ ելույթ է ունեցավ ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում (CSIS):

Իր ելույթում, «Իտառ-Տասս» գործակալության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կընդլայնվի: «Հայ-ամերիկյան համագործակցությունը չի հակասում Ռուսաստանի հետ [Հայաստանի] համագործակցությանը», - ասել է Օսկանյանը: - «Բնական է, որ մեր գործընկերություն Ռուսաստանի հետ ավելի խորն է»:

Այսօր նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները ամերիկյան կոնգրեսականների եւ սենատորների, ինչպես նաեւ ամերիկահայ մի շարք կազմակերպությունների եւ ամերիկյան մամուլի ներկայացուցիչների հետ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG