Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը արտոնել է ընդդիմության հունիսի 16-ի հանրահավաքը


Հայաստանյան միացյալ ընդդիմության հերթական՝ հունիսի 16-ին նախատեսված հանրահավաքը, ի տարբերություն նախորդների, արգելվածների կարգավիճակում չհայտնվեց: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը այս անգամ ոչ թե այն արգելելու, այլ՝ իրազեկումն ի գիտություն ընդունելու որոշում է կայացրել: «Արդարություն» դաշինքում նման որոշումը ակնկալելի էին համարում:

«Հավանաբար Եվրախորհրդի ճնշման արդյունք է», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Որոշակի իմիտացիոն բնույթ է կրում: Էս մի անգամը թույլատրում են, որ էնտեղ ասեն. հետո չեն թույլատրի: Մենք էլ կաշխատենք ՝ էս թույլատրվածից մաքսիմալ օգտվել: Ժողովրդին կոչ եմ անում մասնակցել...[Հանրահավաքը] թույլատրված է. որեւէ մեկը չի ձերբակալվելու, որեւէ մեկին չեն բռնելու, ճանապարհները բաց են լինելու՝ թող գան»:

«Համաժողովրդական շարժման արդյունքում ի վերջո քաղաքապետարանը ընկրկեց», - իր հերթին ասաց «Արդարության» դաշինքի շտաբի պետ Վիկտոր Դալլաքյանը՝ դա բացատրելով երկու հանգամանքով. - «Առաջինը՝ համաժողովրդական շարժման արդյունքը, եւ երկրորդը, դրա արդյունք հանդիսացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 28-ի բանաձեւը: Այդ երկու հանգամանքները կարեւոր դեր կատարեցին»:

Հանրահավաքից հետո երթ անցկացնելու հարցը, ընդդիմության ղեկավարների խոսքերով, կորոշվի տեղում: Դաշինքն այսօր ոչ միայն առաջիկա հանրահավաքի հետ կապված հարցեր է քննարկել իր փակ նիստում՝ անդրադարձ է եղել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով զեկուցող Եժի Յասկերնյայի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը՝ շեշտելով, որ «իշխանություններն իմիտացիա են անում մեր պատավորությունների կատարման վերաբերյալ»:

Մեկնաբանելով Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի՝ Եժի Յասկերնյային ասածը, թե Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը փակուղի տանող վրիպում էր, որի վրա հենվեց ընդդիմությունը եւ դատարանը պետք է համարձակություն ունենա հայտարարելու այդ մասին, Արամ Սարգսյանը ասաց. - «Սահմանադրական դատարանի որոշումը քննարկման ենթակա չէ ո'չ մեր քաղաքական գործիչների կողմից, ո'չ էլ, առավել եւս, Յասկերնյայի կողմից»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG