Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 5-ը հունիսի)

«Աննախադեպ քանակի զինուժ էր երեկ հավաքվել նախագահի նստավայրի առջեւ», - արձանագրում է «Առավոտ» թերթը: - «Ընդդիմության երեկվա հանրահավաքի առանձնահատկություններից մեկն այն էր, որ առաջին անգամ անցկացվեց արգելվածի կարգավիճակում եւ որ ուժային կառույցները թեպետ լայնամասշտաբ նախապատրաստություն էին տեսել, որեւէ կերպ չմիջամտեցին եւ չցրեցին ժողովրդին։ Ըստ ամենայնի՝ ուժը պետք է կիրառվեր երթի դեպքում, սակայն երթ տեղի չունեցավ... Իսկ ընդդիմության առաջնորդների ելույթների հիմնական լեյտմոտիվը հետեւյալն էր՝ ժողովրդի կամքը չի կոտրվել։ Ժողովուրդը պետք է հավաքվի որքան հնարավոր է շատ»։ «Լուրջ վերադասավորումների շեմին» խորագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը խտացրել է. - «Երեկ հրավիրած հանրահավաքն ամենասակավամարդն էր 2004 թվականին ընդդիմության սկսած շարժման ընթացքում: Ասել, որ սա անակնկալ է՝ սխալ կլինի, որովհետեւ գոնե մամուլում արդեն մեկ ամիս առաջ հիմնավոր կանխատեսումներ կային ընդդիմության շարժման մարելու վերաբերյալ: Սակայն ընդդիմության ղեկավարները կարծես չնկատելու են տալիս հրապարակի դատարկվելու հանգամանքը ու առանձնապես հակված չեն պրոցեսը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել»: «Հայկական ժամանակ»-ի գնահատականով՝ այսպես Հայաստանը հայտնվում է քաղաքական ապատիայի շրջանում, երբ երկրում «չկա գործունակ իշխանություն, չկա գործունակ ընդդիմություն, իսկ հանրային գործունակությունն անորոշ ժամանակով անթեղվում է՝ մինչեւ գործունակ ընդդիմության հայտնվելը»: Դեմիրճյան - Գեղամյան - Սարգսյան եռյակի գործունեությունը ցույց տվեց, որ անգամ ամենաթույլ իշխանությանը հնարավոր չէ տապալել առանց ինտելեկտուալ, հոգեբանական, քաղաքական, գաղափարական հստակեցումների եւ սեփական անելիքների վերաբերյալ ներքին համոզման», - ընդգծվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Առաջիկայում ընդդիմադիր դաշտում տեղի կունենան լուրջ վերադասավորումներ, եւ ի վերջո՝ քաղաքական դաշտում գոյատեւելու հնարավորությունները կպահպանեն այն ուժերը, ովքեր ժամանակը կօգտագործեն նման հստակեցումների համար»:

«Արմատական ընդդիմությունը իշխանության դեմ պայքարի իր ողջ մարտավարությունը կառուցել է ոչ թե սեփական ժողովրդի տրամադրությունների, այլ դրսի աջակցության, տվյալ պարագայում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանի կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու նորանոր առիթներ ստեղծելու առաջադրանքի վրա», - գրում է «Հայոց աշխարհ»-ը: - «Մոնիտորինգի ընթացքում սեփական երկիրը էլ ավելի ծանր վիճակի մեջ դնելու հեռանկարը դիտվում է իբրեւ պայքարի շարունակականության ապահովման պայման»: Այս տեսլականից «Հայոց աշխարհ»-ը բխեցնում է. - «Սեփական երկրի դեմ գործող ընդդիմությունն իր ներկա նախաստրասբուրգյան հանրահավաքային սերիալով սկսել է աստիճանաբար իրեն դուրս դնել Հայաստանի քաղաքական դաշտից: Մնում է, որ այդ ամենը դառնա ավելի խորքային գործընթացի՝ Հայաստանի ողջ քաղաքական դաշտի ներքին առողջացման սկիզբը: Անհրաժեշտ է նաեւ մեզանում ձեւավորվող արատավոր փակ շրջանակը եւ նրա ներսում ճյուղավորվող «ստրասբուրգյան հիվանդության» մետաստազները չեզոքացնելու կամք՝ քաղաքական նոր դաշտի ձեւավորման միջոցով»:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում մատնանշում է. - «Սրացումը շատ անգամ իշխանություններից է գալիս... Գործողության իմաստով իրեն ավելի ագրեսիվ է դրսեւորել իշխանությունը»: Ընդհանուր առմամբ, Վազգեն Մանուկյանի ընդգծմամբ, երբ Եվրախորհուրդն ասում է, որ Հայաստանը պետք է պահպանի իր հետ ստորագրած խաղի կանոնները, դա միջամտություն չէ մեր ներքին գործերին, իսկ «երկիրը, այնուամենայնիվ, չի ենթարկվում եվրոպական խաղի կանոններին». - «Ուղղակի ահավոր է ցույցերի, երթերի, հանրահավաքների մասին վերջերս ընդունված օրենքը»: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ, ներկայիս արմատական ընդդիմադիրները «ընդամենը միջոց են մեր երկրում օտար ուժերի հիմնավորման համար»: «Ներքաղաքական միջավայրում այլեւս նոր իրավիճակ է ստեղծվել եւ ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարող կոալիցիան առաջընթաց կարող է ակնկալել միայն նոր բանաձեւերով հանդես գալու դեպքում», - ասում է նա «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում՝ հավաստիացնելով. - «Արդեն ամիսներ անց սոցիալական նոր իրավիճակ է ստեղծելու, եւ ծանր դրությունից արդարացիորեն դժգոհողների թիվը կտրուկ նվազելու է... Այդ պայմաններում արմատական ընդդիմության պահանջները ժամանակավրեպ կլինեն ու շատ ավելի սակավ ձայնակցողներ կունենան»։

«Իշխանություն - ընդդիմություն հակամարտության ամենացավալի երեւույթը հանրահավաքային ալիքի մեջ ընդգրկված մարդիկ են», - շեշտադրվում է այսօր «Ազգ» թերթում։ - «Իշխանությունների մեղքով ծայրահեղ սոցիալական վիճակի հասած՝ նրանք ստիպված են հավատալ արդեն որերորդ տարին տրվող եւ երբեք իրականություն չդարձող խոստումներին»։

Անդրադառնալով բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ասուսիլին՝ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը ձեւակերպել է. - «Երկու բան է մեր նախարարների մոտ լավ ստացվում. գեղեցիկ ծրագրերը եւ ոչ պակաս գեղեցիկ հաշվետվությունները»: «Մատուցվում են շռնդալից հաջողություններ ու բնապահպանական ծրագրերին ուղղված միլիարդներ, մինչդեռ», - օրինակ է բերում մեկնաբանը, - «նման ֆինանսական հոսքերի պայմաններում «Հայանտառ»-ը գրեթե ձեռքից գնաց եւ հոգեվարքի մեջ հանձնվեց գյուղատնտեսության նախարարությանը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG