Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սառեցրել է դրամաշնորհի տրամադրումը Հայաստանին


Ինչպես հաղորդում է լոնդոնյան «Գարդիան» թերթը այսօրվա համարում, Եվրամիությունը սառեցրել է Հայաստանին 100 միլիոն եվրոյի դրամաշնորհի տրամադրումը, քանի որ Հայաստանի «կառավարությունը հրաժարվում է կատարել երկրաշարժավտանգ գոտում կառուցված երկրի միակ ատոմային էլեկտրակայանը փակելու մասին պայմանավորվածությունը»:

Եվրամիությունը դրամաշնորհը խոստացել է՝ Մեծամորի ատոմակայանի փակման դեպքում այլընտրանքային աղբյուրներ հայթայթելու, հիդրոէներգետիկան զարգացնելու եւ Իրանից գազատար անցկացնելու համար:

«Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ առումով խիստ ակտիվ գոտում: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Մեծամորի աշխատանքը դադարեցվել էր, բայց էներգետիկ ճգնաժամն 1995-ին ստիպել է վերագործարկել կայանը, որն այժմ ապահովում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մեկ երրորդը», - գրում է «Գարդիան»-ի թղթակից Փոլ Բրաունը:

Բրաունը մեջբերում է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերը, ով կոպիտ սխալ է համարում ատոմակայանը փակելու որոշումը եւ համոզված է, որ այն պետք է շահագործել մինչեւ 2016 թվականը:

«Գարդիան»-ի թղթակիցը վկայակոչում է նաեւ հայաստանցի այլ մասնագետների, որոնք համոզված են, Մեծամորի ատոմակայանն այնուամենայնիվ ամուր է եւ վստահելի:

Եվրամիության պատվիրակ Ալեքսիս Լոուբերը, մինչդեռ, «Գարդիան»-ի թղթակցին ասել է, թե Մեծամորը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար:

«Մենք գիտակցում ենք, որ քանի դեռ չկա էներգիայի այլընտրանքային աղբյուր՝ փակելու մասին խոսք լինել չի կարող, բայց գուցե դա հնարավոր կլինի անել 2006-ին եւ հաստատ հնարավոր է անել 2010-ին», - ասել է Լոուբերը եւ նշել, որ հատկապես մտահոգիչ է միջուկային վառելիքը Ռուսաստանից օդանավերով առաքելու գործելակերպը:

«Ամբողջ աշխարհում վառելիքը փոխադրում են նավերով կամ երկաթուղով», - ասել է Եվրամիության պատվիրակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG